ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին վստահեցրեց՝ մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, չեն կարող լիարժեք դուրս բերվել դիակները:
Հարցին՝ հրադադարից հետո հակառակորդն ի՞նչ զինատեսակներ է օգտագործել և արդյոք զինատեսակների փոփոխություններ եղե՞լ են, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ստեփանակերտը երեկ գիշեր հրթիռակոծվել է նույն կրակային միջոցներով՝ հեռահար, մեծ տրամաչափի համազարկային կայանքներ»:
Հետաքրքրությանը՝ ներկայումս ինչպիսի՞ն է հայկական զինված ուժերի դերակատարությունը Ջեբրայիլում (Մեխակավանում), Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Տեղանքներում մեր դասավորվածությունը, դիրքերի տեղաշարժերը հորդորում եմ չկարևորել, չֆիքսվել դրանց վրա: Ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում: Ճիշտ է՝ այսօր այդքան էլ ինտենսիվ չեն եղել մարտական գործողությունները՝ որոշակիորն հրադադարի հետ կապված, բայց ընդհանուր պատերազմական գործողություններում նման ուժերի, միջոցների քանակի, օպերացիաների մասշտաբների առումով մեկ-երկու դիրքեր, բնակավայրեր, գետեր և այլ բնագծեր ֆիքսել ու ասուլիսների ժամանակ դրանք նշել մենք չենք կարող: Դա խախտում է պատերազմի ժամանակ հստակ ռազմական կանոնները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ