«Հայ մարդը Թուրքիայի գանձարանին մեկ ժանգոտ լումա կամ կոպեկ չպետք է տա: Դա ստորացուցիչ է: Եվ այսօր, այն դրոնները, որոնք կրակում են՝ թուրքական «Բայրակթար» դրոնները, որոնցով պայթեցնում են մեր երիտասարդներին եւ նույնիսկ տանկեր են… այդ դրոնների, հրթիռների համար դուք եք վճարել: Դուք՝ այն մարդիկ, այն հայերը, որոնք տարիներ շարունակ թուրքական ապրանքներ են գնել, օգտվել են թուրքական արտադրությունից, Թուրքիայում հանգստացել են, գումարներ են ծախսել եւ հարստացրել են Թուրքիային»,- այսօր կայացած ֆեյսբուքյան տեսակոնֆերանս-ուղերձի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հայտարարելով, որ ինքը միանում է «բոյկոտում ենք թուրքականը», և նման այլ բոլոր նախաձեռնություններին:
Սփյուռքի հանձնակատարն ասում է, որ իր համար երբեւէ հասկանալի չի եղել թուրքական ապրանք գնելը, միշտ բոյկոտել է թուրքական որեւէ բան գնելը. դա արել է ԱՄՆ-ում 30 տարի ապրելով, անում է հիմա՝ Հայաստանում ապրելով:
Օգտատերերից հարց հնչեց՝ ի՞նչ անդրադարձ կունենա ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Զարեհ Սինանյանի կարծիքով, Հայաստանը թեեւ դե-յուրե չի ճանաչել Արցախը, բայց փաստացի ճանաչել է, քանի որ մեզ համար դեռ 1990-ականներից Արցախն անկախ պետություն է, եւ Հայաստանը Արցախին միշտ վերաբերվել է որպես անկախ պետության: Նա հավաստիացնում է՝ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Իսկ թե ՀԱՊԿ-ում ինչի՞ կբերի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը՝ նա չգիտի: Բայց մի բան իր համար հստակ է՝ բոլոր որոշումները պետք է կայացվեն լավ մտածված՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր զարգացումները: Զարեհ Սինանյանի գնահատմամբ՝ դիվանագիտությունը ցույց կտա՝ ովքեր են մեր դաշնակիցները, դաշնակիցնե՞ր են առհասարկ, թե՝ ոչ, իսկ մենք այլընտրանք չունենք, մենք կպայքարենք ահաբեկիչների դեմ՝ հանուն հայրենիքի:
Օգտատերերից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս կարող են ռազմական գործողություններին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք այժմ բնակվում են ՌԴ-ում եւ Հայաստանում գտնվում են հետախուզման տակ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Զարեհ Սինանյանն ասաց, որ մինչեւ 27 տարեկան անձինք պարզապես կներգրավվեն ՀՀ զինված ուժեր եւ կմեկնեն ծառայության, իսկ 27 տարեկանից բարձր անձանց դեպքում խնդրեց զինկոմիսարիատ դիմել՝ ընթացակարգերը հստակեցնելու համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ