«Հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,- Հայկական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ներկայացրեց օրվա ընթացքում գրանցված իրավիճակը. «Ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը և′ հարավային, և′ հյուսիսային ուղղություններով ձեռնարկել են հարձակվողական գործողություններ, մասնավորապես գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Հյուսիսային ուղղությամբ կրելով երկու զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել: Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշ առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ: Որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի լիարժեք պահպանում չի եղել»:
Խոսելով թուրքական մասնակցության մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը փաստեց. «Օրվա ընթացքում նաև հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակել են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես օդային ղեկավարման կետերի կառավարմամբ՝ թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են ՊԲ-ի ՀՕՊ միջոցների կողմից»:
Արծրուն Հովհաննիսյանը նաև փաստեց՝ այսօր շարունակվել են Ադրբեջանի կողմից կեղծ հայտարարությունները, որ հայկական զինված ուժերը խախտում են հրադադարը և որոնք պաշտոնապես հերքվել են: Արծրուն Հովհաննիսյանն այս պահվածքն այսպես մեկնաբանեց. «Ադրբեջանը նորից փորձում է իր հետագա գործողությունների համար սադրիչ հիմքեր ստեղծել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ