Լրահոս
Օրվա լրահոսը

Հադրութի հաշմանդամ տղային մի քանի տեղից՝ կրծքից, որովայնից գնդակահարել են, նաև կրակել ձեռքի ափին, երբ ափը բարձրացրել է՝ ցույց տալու, որ անզեն է. նոր մանրամասներ

Հոկտեմբեր 11,2020 21:46

«Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առջեւ, քանի որ ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ մնացյալ բնակավայրերում մենք ունենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության եւ հատկապես երեխաների կյանքն ու առողջությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Սա շատ ցավոտ ու կարեւոր հարց է, Արտակ Բեգլարյանն ինքը 6 տարեկանում վիրավորվել է ադրբեջանական ականի պայթյունից՝ պատերազմից հետո՝ 95-ին ու կորցրել տեսողությունը. «Ինձ նման հարյուրավոր երեխաներ կորցրել են կա՛մ իրենց կյանքը, կա՛մ առողջությունը եւ ոչ միայն երեխաներ: Սա միտումնավոր են օգտագործում խիտ բնակեցված շրջաններում»:
Արտակ Բեգլարյանը նշեց ադրբեջանցիների հայատյացության մասին, որը նրանց մեջ սերմանում են դեռ մանկապարտեզից: Նա իրենց հարազատ լեզվով որակեց եկեղեցիների թիրախավորման զազրելի արարքը՝ «դա հարամ է»:

Ինչ վերաբերում է ստեղծված հումանիտար աղետին, Արտակ Բեգլարյանը մինչ այդ ստեղծված իրավիճակը բնութագրում էր հումանիտար ճգնաժամ, հիմա ճգնաժամը դարձել է աղետ, քանի որ Ադրբջանը թիրախավորել է կենսական նշանակության կառույցները. «Արցախի բնակչությունը զրկվում են առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու պայմաններից, մենք անընդհատ գտնվում ենք կյանքի ու առողջությանը հասցվող հարվածների վտանգի ներքո, որեւէ պահի չգիտենք, թե որտեղ են կրակելու ու այս վտանգների պատճառով գտնվում ենք բավականին լուրջ խնդիրների առջեւ, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել իրենց տները լքել: Նաեւ չի հաղթահարվել կորոնավիրուսը»:

Երեկ Հադրութում ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են երկու բնակչի՝ մորը եւ հաշմանդամություն ունեցող որդուն: Այս դեպքի հետ կապված Արտակ Բեգլարյանը մանրամասներ ներկայացրեց. «Հրադադարի պայմանավորվածությունից հետո ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Հադրութ, ըստ որոշ տվյալների, նաեւ՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ: Այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաեւ սպանել են որոշ քաղաքացիական անձանց: Երեկվա դրությամբ մենք տեղեկություն ունեինք 2 հոգու մասով՝ հաշմանդամ տղայի ու նրա մոր, որոնց սպանել են գնդակահարելով, նաեւ քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք, անունները հրապարակեմ, որ որեւէ մեկը կասկած չունենա, Ավետիսյան Միշա եւ Ավետիսյան Անահիտ, (ազգանունը լրացուցիչ կճշտեմ), դրանից բացի, նաեւ երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով էլ տեղեկություններ ունենք՝ Նվեր Գրիգորյան եւ Արտյոմ Միրզոյան, այս երկուսը նույնպես սպանվել են վարձկան ահաբեկիչների կողմից: Գոնե առաջին երկուսը՝ որդին եւ մայրը սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն եւ գնդակահարել: Մենք հրապարակել ենք լուսանկարներ, հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաեւ գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ձեռքի ափը բարձրացրել է, ցույց է տվել, որ ինքը անզեն է ու այդպես պաշտպանվել է, եւ ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաեւ նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, պատերազմական ծանրագույն հանցագործություն»:
Արտակ Բեգլարյանն ասաց, որ պետք է հետամուտ լինենք, որ այս ահաբեկիչները իրենց պատիժը ստանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031