«Արցախի եւ Հայաստանի սահմաններում արդեն 15 օր պատերազմ է, եւ խաղադրույքը մեր գոյության խնդիրն է: Թուրքիան նպատակադրվել է ավելի քան մեկ դար առաջ սկսած հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնել», այսօր կայացած ֆեյսբուքյան տեսակոնֆերանս-ուղերձի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ մանրամասն ներկայացնելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ վարձկանների միջոցով, թիրախավորել են նաեւ հայկական երկու պետությունների քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչությանը, հոգեւոր-մշակութային ժառանգությունը, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին գտնվում են մշտական հրթիռակոծության տակ, Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքն է պատերազմի առաջին իսկ օրերին թիրախավորվել, ապա Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի երկու գյուղեր, եւ որ այս ամենի արդյունքում Արցախում եւ ՀՀ-ում ունենք հարյուրավոր զոհեր, վիրավորներ: Նա խոսեց նաեւ լրագրողներին, մասնավորաբար, արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողներին թիրախավորելու մասին: Ասաց նաեւ, որ հստակ է՝ վարձկանները Սիրիայից են տեղափոխվել հայկական պետությունների դեմ կռվելու համար՝ փաստելով, որ ՀՀ-ն եւ ԱՀ-ն պայքարում են ոչ միայն իրենց հայրենիքի համար, այլ ընդդեմ միջազգային ահաբեկչության, եւ որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող պատերազմական հանցագործությունները լրջորեն սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
Տեսակոնֆերանս-ուղերձն ուղղված էր Սփյուռքի մեր հայրենակիցներին: Զարեհ Սինանյանն ասաց նաեւ, որ տարբեր երկրներում հայկական սփյուռքի ներկայացուցիչներն իրենք կգտնեն հայկական պետություններին սատարելու առավել արդյունավետ տարբերակները՝ ցույցեր, բողոքի երթեր եւ այլն: Ասաց նաեւ, որ սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակում է համակարգել սփյուռքահայերի կողմից Արցախին եւ Հայաստանին տրամադրվող օգնությունը: Նա հորդորեց՝ առանձին դրամահավաքներ չկազմակերպել, բոլոր դրամական օգնություններն ուղղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով՝ նվիրատվություն անելով https://www.himnadram.org/hy/ կայքի միջոցով: Հորդորեց հիմնվել բացառապես պաշտոնական լրատվության վրա եւ հնարավոր բոլոր առիթներով բարձրաձայնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման եւ իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին:
Օգտատիրոջ հարցին՝ ի՞նչ չափի օգնություն է տրամադրվում Ռուսաստանի հայ համայնքի կողմից, Սփյուռքի հանձնակատարը պատասխանեց, որ բավական կազմակերպված կերպով ռուսաստանաբնակ հայերը տրամադրում են տարատեսակ օգնություն՝ բժշկական սարքավորումներից մինչեւ կամավորական խմբեր, որոնք այստեղ տարբեր աշխատանքներում են ներգրավված: Նաեւ ֆինանսական մեծ օգնություն են տրամադրում: Համայնքը լավ աշխատում է, նվիրատվություններ են լինում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Այս պատերազմը, հավանաբար, կլինի շատ երկար եւ շատ դաժան: Ադրբեջանը, Թուրքիան տրամադրված են նվազագույնը՝ ազատվել Արցախում հայկական ներկայությունից: Դա փաստ է: Մենք դրա հետ երբեւէ չենք հաշտվի, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այնպես որ, կարծում ենք, ժամանակավոր հրադադարից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի, եւ մենք ձեր երկարատեւ օգնության կարիքն ենք ունենալու»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հորդորելով հոգեբանորեն տրամադրվել առավել երկարատեւ ընթացքում Հայաստանին օգնելու համար:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ