Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն իր հետ բերել էր ապացույցը՝ HAROP ինքնասպան ԱԹՍ-ի կտորը, որով Հադրութում խփել են քաղաքացիական տանը. Միայն երեկ զոհվել է 5 խաղաղ բնակիչ

Հոկտեմբեր 11,2020 21:01

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց փաստահավաք առաքելության հիման վրա կազմված երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Արցախի բնակչության դեմ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, երեկ են հրապարակել: Առաջին զեկուցը հրապարակվել էր հոկտեմբերի 2-ին:

ՄԻՊ-ի խոսքով՝ «նույնիսկ առաջնագծից մինչեւ 90-100 կմ գտնվող բնակավայրերն են թիրախավորվել, մի մասը՝ հեռահար հրթիռներով, մյուս մասը՝ հարվածային ԱԹՍ-ներով: Քաղաքացիական բնակչության թիրախավորման հետեւանքով արդեն արձանագրվել է առնվազն 25 զոհ, որից 5-ը երեկ է արձանագրվել: Մինչեւ ամսի 9-ը 20 զոհ է եղել. «Զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, 25 զոհից 9-ը կին է, մեկը՝ 9 տարեկան երեխա:  Վիրավորների շրջանում եւս կան երեխաներ, բազմաթիվ կանայք, տարեցներ եւ այլն»:

Արտակ Բեգլարյանն ասաց, որ զոհերի ու վիրավորների տվյալները վերլուծելով՝ հանգում են ապացուցված փաստերի՝ նախ՝ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, երկրորդը՝ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվել են բավականին բարձր ճշգրտությամբ զենքեր. «Եթե որոշ դեպքերում կարող ենք ասել, որ չտարբերակված է եղել, շատ այլ դեպքերում եղել է ուղիղ, թիրախավորված հարված քաղաքացիական բնակչությանը, դեպքեր ունենք, որ կիրառվել է «HAROP» տիպի ինքնասպան ԱԹՍ իսրայելական արտադրության՝ հենց քաղաքացիական բնակչության դեմ ՝Հադրութ քաղաքում սեպտեմբերի 27-ին քաղաքացիական մեկ տան վրա»: Բեգլարյանն իր հետ բերել էր այդ ԱԹՍ-ի կտորներից, որի վրա գրված կոդերից ակնհայտ է, որ դրանք հարվածային ԱԹՍ-ի կտորներ են:

Նույնը՝ Ստեփանակերտում ու մի շարք այլ բնակավայրերում. «Հստակ ապացույցներ ունենք, որ կիրառվել են բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռներ, նաեւ բալիստիկ հրթիռներ՝ քաղաքացիական շենքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, նաեւ ենթակառուցվածքային ու մասնավոր գույքի վնասների ահռելի մեծ քանակ: Ակնհայտ է, որ ընդգծված միտում է եղել քաղաքացիական բնակչությանը հարվածելու ու մեծ կորուստներ պատճառելու: Կիրառվել են կասետային զենքեր, կասետային ռումբեր»:

Արտակ Բեգլարյանը նաեւ խոսեց  լրագրողների թիրախավորման մասին. «Որոշ դեպքերում ակնհայտ է, որ թիրախային ու դիտավորյալ հարվածներ են հասցվել: Լրագրողներն ունեցել են տարբերանշաններ, նրանց մեքենաները եւս ունեցել են տարբերանշաններ, լրագրողները մասնագիտական աշխատանք են կատարելիս եղել, նրանց ձեռքին եղել են տեսախցիկներ: Հաշվի առնելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, ինչպես պրակտիկան ցույց է տալիս, նախապես ԱԹՍ-ներով հետախուզում է տեղանքը՝ հրթիռային հարվածներից առաջ ու այս հարվածների մի մասը եղել է ԱԹՍ-ի կողմից, ակնհայտորեն կարող ենք ասել, որ նրանց կողմից տեսանելի է եղել, որ այդտեղ գտնվում են լրագրողներ ու մասնագիտական աշխատանք են կատարում: Սա պատերազմական հանցագործություն է, ու միջազգային հանրությունը պետք է հետեւողական լինի՝ բոլոր հանգամանքները պարզելու ու մեղավորներին պատժելու հարցում: Լրագրողներն օբյկտիվ աշխատանք են կատարում, որոշ չափով՝ իրավապաշտպան, որպեսզի պատերազմական գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական կանոնները պահպանվեն, ու քաղաքացիական անձինք չթիրախավորվեն: Լրագրողներին թիրախավորելու պատճառներից մեկն ադրբեջանական իշխանությունների կողմից այն է, որ վախ առաջացնեն լրագրողների մոտ, ու նրանք չլուսաբանեն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031