Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում է ապրել-մեռնելու իր արտոնագրին

Հոկտեմբեր 11,2020 19:52

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր Մխիթար Մոս-Մուշեղյանը սպանության համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ «Պատահեց զարհուրելի մի բան՝ սպանվեց իմ ընկեր, կոմպոզիտոր Անի Մաջնունյանը, եւ ես դավադրաբար կալանավորվեցի՝ մեղադրվելով այն սպանության մեջ, որի հետ բացարձակապես կապ չունեի»,– ասում է նա։
5 տարի անազատության մեջ է, բայց փորձել է ինչքան հնարավոր է մշակույթի զարկերակին հետեւել՝ ստեղծագործում է, գրքեր է խմբագրում։

«Դժվար էր սկզբում։ Պարբերաբար հոգեբույժի օգնության կարիք էի զգում, որովհետեւ խաթարվել էին պատկերացումներս արդարության, արդարադատության, ապագայի տեսլականի հանդեպ։ Բայց մշակույթի ոլորտը իմ այն տունն է, որն ինձնից ո՛չ մի իշխանություն չի կարող գողանալ ու բանտել։ Ինձ վրա հոգեբանորեն շատ ազդող բաներ եղան, որոնք ստիպեցին զգալ ինձ անզոր ու անպետք։ Առաջինը Քառօրյա պատերազմն էր, որին հետեւում էի հեռվից՝ հեռուստատեսությամբ։ Ոգի էի տալիս խենթ հերոսներին, իսկ ինքս այլեւս ոգեշնչում չունեի։ Թվում էր՝ այն, ինչ հասցրել եմ անել իմ ստեղծագործական ուղու ընթացքում, ամե՛նն է, ինչ պիտի լինի իմ մասին հիշողների մտքերում։ Ինձ շատ ոգեշնչեցին մեր հերոսներն ու արվեստագետները։ Ամենածանր պահերին կրկնում էի, որ Նժդեհի պես զորավարն ու Չարենցի նման պոետը բանտերում մահացան»,–ասում է նա։

Մխիթարը մինչ անազատության մեջ հայտնվելը բավականին ակտիվ էր, հասարակական-քաղաքացիական ակցիաներին էր մասնակցում։ Եղել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված «Կենդանի պատի» անդամ։

«Հիմա այն, ինչ կատարվում է երկրում՝ ինձ սպանում է։ Պետք է հաղթելով պարտադրել խաղաղությունը: Պետք է մեկնել առաջնագիծ եւ մեր եղբայրների հետ՝ ուս- ուսի պայքարել հանուն այդ հաղթանակի»,-ասում է նա՝ ավելացնելով, որ առաջնագիծ մեկնելու խնդրանքով դեռեւս սեպտեմբերի 27-ին դիմել է ՔԿՀ վարչակազմին ու ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարին։

Դերասան-մտավորականը չի ուզում հավատալ, որ մեր իրականության մեջ կալանավորը կարող է դիտվել ազգային գիտակցությունից եւ հպարտությունից զուրկ մարդ։ Պատմությունից հիշում է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունից բազմաթիվ կալանավորներ ներգրավվել են ռազմական գործողություններին։ «Ես, համոզված եմ, նաեւ շատերը չեն ասում՝ գնամ պատերազմ «տանկ քշելու»։ Ամեն մեկս մեր լուման կարող ենք բերել այս պատերազմին։ Սա հայրենական պատերազմ է, հայի գոյության իրավունքը վերահաստատելու, անկա՛խ եւ ազա՛տ ապրելու իրավունքի պատերազմ։ Սպասում եմ իմ բազմաթիվ դիմումների պատասխանին՝ ապրել-մեռնելու պայքարի արտոնագրին»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի վերջում ասաց Մխիթարը։

Հիշեցնենք, որ անդրադառնալով դատապարտյալների՝ առաջնագիծ գնալու դիմումներին, ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասել է, որ այդ անձինք ունեն հատուկ կարգավիճակ եւ կցագրված չեն զինկոմիսարիատներում։ Aravot.am-ը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզաբանման համար։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը՝ Մոս-Մուշեղյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031