Արդեն 15 օր է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը։ Այդ օրերի ընթացքում աշխարհասփյուռ հայությունը նորից ապացուցեց, որ իրենք հայրենիքի և հայրենիքի միակ երաշխավորի՝ հայ զինվորի կողքին է։
Ոմանք ճանապարհ էին փակում հանգանակության համար, փոքրիկ Վահեն՝ ընկույզ վաճառում, իսկ Նոր Հաճնի արցախցիները որոշեցին՝ պետք է ժենգյալով հացի փառատոն անցկացնել․ էլ ինչ Արցախ առանց իր ամենահամեղ այցեքարտի։
Արցախցի կանանց օգնելու եկան Նոր Հաճնի երիտասարդական թիմի անդամները։ Մշակույթի տան դիմաց երկու վառարան վառեցին, փոքրիկ սեղան դրեցին ու սկսեցին ժենգյալով հացի պատվերներ ընդունել։
«Երկու օր առաջ նման գաղափար ծագեց՝ ժենգյալով հացի փառատոն անցկացնել, որի ողջ հասույթը պետք է փոխանցենք հիմնադրամին։ Այսօր էլ արդեն գաղափարն իրականացնում ենք»,- ասում ՆՀԵԹ-ի համահիմնադիրներից Կարեն Հովսեփյանը։ Վերջինս նշում է, որ իրենց կամավորների շնորհիվ քաղաքում անձրևանոցներ են նաև կարվում և սահման ուղարկվում։
Կարդացեք նաև
Փառատոնի սկիզբը սպասվածից ավելի լավ դրվեց։ Դեռ չէին հասցրել մի քանի թուղթ վերցնել պատվերների համար, երբ փոքրիկ սեղանի դիմաց հերթ սկսվեց՝ քաղաքացիները եկել էին իրենց բաժին ժենգյալով հացի հետևից, իսկ պատվերներն ընդունող Եփրեմն էլ դարձավ փառատոնի դեմքը։
Ասում է, ցանկացողներն այնքան շատ են, որ կանայք չեն հասցնում այդքանը թխել։
«Հեռախոսահամար թողեք, հենց ժենգյալով հացը պատրաստ լինի, կզանգենք»,- ասում է Եփրեմը հաճնցիներին ու սպիտակ թղթի վրա հերթական պատվերն ընդունում։
Արցախցի կանայք էլ, տեսնելով դրսում ստեղծված հերթը, սկսում են էլ ավելի մեծ ոգևորությամբ և ուրախությամբ գրտնակել խմորը՝ մոռանալով հոգնածությունն ու մի պահ էլ կտրվելով պատերազմից։
«Գործն առաջ չի գնա, թե կանգնենք հանգստանալու»,- ժպիտը դեմքին՝ ասում է նրանցից մեկն ու նորից անցնում գործի։
ՆՀԵԹ-ի համահիմնադիրներից Սուրենն էլ նշում է, որ Արցախից եկածներն այս կերպ ներգրավվում են քաղաքի եռուզեռում, զբաղմունք են գտնում, մի քանի ժամով ցրվում սահմանում տիրող լարված իրավիճակից։
Գնորդների հերթը մեծանում է, գործն ավելի է թեժանում, իսկ ստացված հասույթը՝ շատանում, ինչը չի կարող չուրախացնել ոչ միայն կազմակերպիչներին, այլ նաև հաճնցիներին։
«Հիանալի գաղափար է սա․ կարծես թե օգտակարը համադրվել է անհրաժեշտության հետ։ Գումար փոխանցելն այս պահին անհրաժեշտ է, իսկ ժենգյալով հացն օգտակար և վիտամիններով լի սնունդ է մեր քաղաքացիների համար։ Վստահ եմ՝ շատերն արդեն նվիրատվություն արել են, բայց դա նրանց չի կանգնեցնում։ Իսկ այն մարդկանց, որ ասում են, թե արդեն գումար փոխանցել են, այլևս կարիք չկա, մեկ բան կասեմ՝ դա նույնն է, թե զինվորն ասի՝ ես արդեն կռվել եմ, էլ չեմ կռվում»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Կիրակոսյանը, որն արդեն մեկ ժամ է՝ հերթի մեջ կանգնած, սպասում է իր ժենգյալով հացին։
Սառա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ