Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրաստիճան շահագրգռված է Ադրբեջանում և Հայաստանում կայուն իրավիճակ հաստատելու հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ստեղծված իրավիճակը եզակի է նրանով, որ մենք ունենք մեր ազգային շահերը և պաշտպանում ենք դրանք։ Մեզ համար առաջնային պլանում է և կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կայունությունը։ Այդ երկրների հարաբերությունները էապես կարևոր են մեզ համար»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը իրեն թույլ չի տալիս խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմունքների հետ և երբեք «դատարկ հռետորաբանության մեջ չի մտնում»: Ըստ նրա՝ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի պարագայում դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է արդյունքի հասնել:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խնդիր էր դրել ոչ թե կողմերին մերձեցնել, այլ մշակել փաստաթուղթ, որը հնարավորություն կտա սկսել հակամարտության կարգավորման ուղին: «Ինձ թվում է, որ կողմերի դիրքորոշումները մերձեցնելը, հատկապես հակամարտության թեժ փուլում, խնդիր է։ Ես կարծում եմ, որ խնդիրը բոլորովին այլ էր, մշակել փաստաթուղթ, ելակետ այս շատ դժվար, բայց անհրաժեշտ ուղին սկսելու համար»,- ասել է Զախարովան։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ