Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում (Լեռնային Ղարաբաղում) պատերազմի դադարեցմանը. na.se

Հոկտեմբեր 11,2020 19:04

Շվեդական Օրենբրո քաղաքում 1843թ.-ից ի վեր լույս տեսնող եւ ավելի քան 40 հազար տպաքանակ ունեցող Nerikes Allehanda թերթը շաբաթ, հոկտեմբերի 11-ին, հրապարակել է Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Մուրադ Արթինի հոդվածը այս օրերին Արցախում կատարվող սարսափելի իրականության մասին:

Հոդվածում, մասնավորապես, գրված է, որ թեեւ 1994-ին զինադադար է կնքվել, սակայն տարիներ շարունակ կրակը չի դադարել, թեեւ հիմնականում եղել են դիպուկահարների կրակոցներ: Սակայն հիմա այնտեղ իրական պատերազմ է ընթանում:

Ներկայացնում ենք հոդվածը՝ աննշան կրճատումներով.

«Այս պահին երկկողմանի բախումներ են ընթանում, և Ադրբեջանի կողմից օգտագործվում են միջազգային օրենքով արգելված կլաստերային ռումբեր:
Կոնֆլիկտը միջազգային իրավունքի սահմաններում է, այսինքն՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Այս թվացյալ հակասական սկզբունքների լուծումը պետք է փնտրել ոչ թե պատերազմի, այլ բացառապես ժողովրդավարական արժեքների ղեկավարմամբ՝ խաղաղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի կառավարության ներկայիս ղեկավար բռնապետ Ալիեւը հայերին մշտապես ներկայացնում է որպես «թշնամի»: Վերջին շաբաթների պատերազմի կարգախոսը հետեւյալն է. «Մեկընդմիշտ հաղթել թշնամուն և ազատագրել օկուպացված տարածքները»:

Պատերազմական գործողությունների հետեւանքով արցախաբնակ կանայք, երեխաները եւ ծերերը տեղափոխվել են Հայաստան: Վերջերս Amnesty International միջազգային կազմակերպությունը հաստատել է՝ Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի բնակելի թաղամասերում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված կլաստերային ռումբերի օգտագործումը:

Պատերազմն ուղղակի սարսափելի է, եւ երկու կողմն էլ մարդկային կորուստներ ունեն: Իսկ արգելված զենքի օգտագործում իրավիճակն ավելի է վատթարացնում:
Հայերը սարսափով են հետեւում իրադարձություններին. այս ամենը հիշեցնում է հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված 1.5 միլիոն հայերի բնաջնջումը: Թուրքիայի նախագահ Էրդողանը աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Կան տեղեկություններ, որ ահաբեկիչ վարձկաններ եւ ջիհադիստներ են բերվել Սիրիայից եւ Լիբիայից՝ հայերի դեմ կռվելու համար:
Այս ամենը պետք է խիստ դատապարտվի:

Շվեդիան պետք է հնարավոր տարբերակներով կանգնեցնի ջիհադիստներին: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երկկողմանի հարձակում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության դեմ: Թե բռնապետ Ալիեւը, և թե Էրդողանը ցանկանում են ջախջախել Հայաստանում՝ ընդամենը մի քանի տարի առաջ սկսված  ժողովրդավարության զարգացումը: Տարածաշրջանում ժողովրդավարության զարգացումը նրանց համար շահավետ չէ: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի եւ կրակը դադարեցնելու, ինչպես նաեւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերով հանդես գա: Պետք է վերջ դրվի այս սպանություններին:

Հայերն արդեն իսկ բավականաչափ տառապել են՝ անընդմեջ ենթարվելով սպառնալիքի, անգամ՝ գոյութենական սպառնալիքի: Հենց այս պահին Ալիեւի եւ Էրդողանի համար դժվար չէ բնաջնջել այն 150 000 հայերին, որոնք բնակվում են տվյալ տարածաշրջանում և փոխարինել նրանց ադրբեջանցիներով, վերաշարադրել պատմությունը և պնդել, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Դժվար չէ 1915 թվականի ցեղասպանության հետ զուգահեռներ անցկացնելը:
Հունվարին Շվեդիան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը, բայց ինչպես հիմա, այնպես էլ նախագահության տարիներին Շվեդիան պետք է ձգտի հարցի խաղաղ լուծմանը: Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և կանգնեցնի Ալիեւին եւ Էրդողանին քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ Արցախը չի գրավվել և նրանք չեն ներխուժել Հայաստան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031