Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաները հորը զանգում, հարցնում են․ «Մեր հեծանիվներին հո թխա՞լ չի»։ ՉԷ, «թխալ չի»

Հոկտեմբեր 11,2020 19:09

Ստեփանակերտում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի ռմբակոծության եւ հրթիռակոծության հետքերը շատ են՝ մեծ ու խորը փոսեր, ավերակ շենքեր, կոտրված ապակիներ, լքված տներ։ Հակառակորդի հարվածներից մայրաքաղաքի մի քանի թաղամասեր լուրջ վնասներ են կրել։ Բնակիչներն ապաստարաններում են ապրում։

Արցախցիք այս պատերազմի ձայնը լավ գիտեն՝ ԱԹՍ-ն, երբ երկնքում է՝ թույլ «դզզոց է» լսվում, երբ պատրաստվում է հարված հասցնել՝ ձայնն ուժգնանում է։ Իսկ ռումբն, ինչպես մարդիկ են ասում, ձայն չունի, պայթյունից հետո են հասկանում՝ ինչ կատարվեց։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Պուշկինի 31 հասցում ընկած ռումբն էլ վնասել է Հակոբյանների տունը, բակում խորը փոս է առաջացել։ Ընտանիքի հայրը, որը չցանկացավ ներկայանալ՝ աշխատանքի բնույթից ելնելով, պատմում է՝ ռումբն ընկել է անմիջապես տան դիմաց, երեխաներին մի օր առաջ էր ուղարկել Հայաստան, կինն ու մայրն են տանը եղել, որեւէ ձայն չեն լսել, տան վերջին սենյակից երբ մտել են նախասրահ՝ ռումբի ալիքից մեծ քանակությամբ հող է լցվել տուն․«Էդ պահից էլ ոչ մի բան չեն հիշում։ Հետո ուշքի են եկել ու զանգել են ինձ, եկա՝ տարա ապահով տեղ՝ նկուղ։ Մինչեւ հիմա նկուղում են։ Լավ ա, իրանց բան չի եղել»։

Երիտասարդ տղամարդը հիշում է 90-ականների պատերազմը, զուգահեռներ տանում ու ասում՝ ավելի վատ պատերազմ իմ երեխաներն են տեսնում․ «Սա վերջն է, էս հարցը պիտի լուծվի»։

Տան հարեւանությամբ ռումբի բացած փոսում այս տղամարդու հիշողություններն են, ցույց է տալիս փոսում վնասված հին խողովակներն ու պատմում է՝ 90-ականների պատերազմի ժամանակ այն իրենց ապաստարանն է եղել․«Ստեղ առաջ ձոր էր, ես ութ տարեկան էի, էդ պատերազմի ժամանակ էս «կանալիզացիայի տռուբումն էինք» ապրում, տախտակներ էինք դրել, վրան՝ դոշակներ, դեմից էլ փակել էինք, որ ջուր չլցվի, հոտ-մոտ չգա, ու ապրում էինքը։ Սաղ հիշում եմ, սկզբից մինչեւ վերջ, կարելի է ասել՝ էդ «կանալիզացիայում ենք» մեծացել։ Դե հիմի էլի կրկնվում է»։

Երեխաները հորը զանգում, հարցնում են․ «Մեր հեծանիվներին հո թխա՞լ չի»։ ՉԷ, «թխալ չի»։

Երեխաների մեծացրած շունն էլ սատկել է ռումբի հարվածի առաջացրած ալիքից․ ալիքը նրան մի քանի մետր հեռավորության վրա է նետել։ Շան մասին երեխաներին չի ասել, տան նկարներն էլ չի ուղարկել, չի ուզում վշտացնի փոքրիկներին։ Մտածում է՝ պատերազմը շուտ կավարտվի, տունը կարգի կբերի, հետո երեխաներին հետ կբերի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Օպերատոր՝ Ռուբեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031