Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք

Հոկտեմբեր 11,2020 14:10

Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։

Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»

(Ա Կորնթ. ԺԴ 33):

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ Մեր,

Այսօր համախմբվել ենք միասնական աղոթքի՝ Բարձրյալն Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղության և անվտանգ ու ազատ կյանքի հարատևության համար։

Անհանգստությամբ ու տագնապով, ցավով ու վրդովմունքով լեցուն 14 օրեր ապրեցինք, միաժամանակ ապրեցինք հայրենյաց պաշտպան մեր զավակների խիզախությամբ ու հայրենասիրությամբ պատմական դարձած օրեր: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը, շարունակելով ռազմատենչ իր քաղաքականությունը, ներգրավելով նաև Սիրիայից բերված վարձու ահաբեկիչների, ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ծանր մարտերում ընկան հարյուրավոր երիտասարդներ, զոհվեցին քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հրթիռակոծվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչը մեկ անգամ ևս վկայում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ` նպատակ ունենալով տեսնել Արցախը դատարկված հայությունից և աստվածապարգև մեր հավատքի բազում վկայություններից, որոնք Արցախի հողում ամենուր են՝ դարերով կառուցված։ Արդարև, դարեր ի վեր մեր թշնամիները նույնպես իմացել են, որ մեր հավատքն է մեզ ամուր պահում մեր հողին և զորացնում հույսով ու սիրով ապրելու, արարելու և հաղթելու:

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»,- ասում է առաքյալը: Մեզ խաղաղության կոչած մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներով ենք մենք ապրել մեր կյանքը և ձգտել ենք, որ հաստատուն լինի խաղաղ գոյակցությունը մեզ շրջապատող երկրների ու ազգերի հետ, ինչպես որ ավետարանեցին հրեշտակները Փրկչի Ծննդյան բերկրալի առիթով. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։ Հիրավի, պատերազմի և խաղաղության միջև մեր ընտրությունը խաղաղությունն է՝ հաստատված ճշմարտության և արդարության վրա։ Սակայն հաճախ ստիպված ենք եղել մարտնչելու՝ հանուն խաղաղության, հանուն ազատ ու անկախ ապրելու մեր արդար իրավունքի։ Հերթական անգամ մեզ պարտադրված այս պատերազմում մեր քաջարի զավակները, որպես խաղաղության մարտիկներ, կենաց և մահու պայքարի ելան՝ մեր հայրենիքի լուսավոր գալիքի տեսլականով մահվան հանդիման չերկնչելով ու չերկմտելով, հերոսաբար դիմակայելով արհավիրքներին ու նեղություններին։ Հավատքի ու հայրենասիրության նրանց օրինակը հուսավառեց ու համախմբեց մեր ողջ ժողովրդին և պարծանքով լցրեց մեր հոգիները:

Սիրելիներ, մենք բոլորս պարտք ու պատասխանատվություն ունենք միշտ լինելու միասնական ու համախմբված՝ մեր հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու, Հայաստանն ու Արցախը շեն ու բարգավաճ, պայծառ ու ծաղկուն դարձնելու առաքելության մեջ։ Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու ազգային այն նվիրական նպատակներին, այն սրբություններին, որոնց համար պատերազմեցին ու անմահացան մեր ժողովրդի արժանավոր ու ընտիր զավակները։ Հայոց բանակի մեր քաջ զինվորների արիության ու փառապանծ սխրանքի ուղենշած ճանապարհը առաջնորդում է մեզ անպայմանավոր հայրենանվիրումի, հանձնառություների ու ազգասիրության աննահանջ ընթացքի։ Քանզի մեր հայրենյաց պաշտպանների զորության ակունքը նաև միասնական, համախմբված, ուժեղ ու վստահելի թիկունքն է։

Խաղաղության մեր աղոթքներում ու մաղթանքներում այսօր շարականագրի խոսքով գովաբանենք մեր նոր հերոսներին, ովքեր արիաբար վանեցին թշնամուն, վարդագույն արյամբ պսակեցին հարազատ հողը և իրենց անձերն ընծայեցին որպես բանավոր պատարագ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Մեր զոհված հերոսները մեր նորօրյա նահատակներն են, որոնք հողի մեջ ընկած ցորենի հատիկի ավետարանական խորհրդով բազում արդյունքներ են տալու՝ ի խնդիր հայրենիքի հզորության ու անպարտելիության, իրենց լուսեղեն օրինակով ազգաշեն ու հայրենասեր մեծագործությունների ոգեշնչելով մեզ և գալիք սերունդներին։ Հավերժ փառք, խոնարհում և աղոթք մեր նորօրյա նահատակների խնկելի հիշատակին։ Հանգստություն նրանց անմահ հոգիներին երկնային արքայության լուսեղեն օթևաններում։ Փառք և խոնարհում հայրենյաց պաշտպան մեր հերոսների ծնողներին, ովքեր, ցավն ու տագնապը իրենց հոգիներում, արիության գործերի ոգեշնչեցին իրենց զավակներին մարտի դաշտում և հայրենիքի պաշտպանության հանձնառությունների՝ թիկունքում։

Մենք հավատում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեի տեսիլքին, ըստ որի՝ պիտի գա ժամանակ, երբ ժողովուրդները «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Բ 4): Այս մաղթանքով ու տեսլականով գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության կողմից ներդրված մեծ ջանքերը հրադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման գործում, որոնք, հուսով ենք, կամրագրեն խաղաղությունը տարածաշրջանում և կապահովեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարի լարված և փխրուն իրավիճակում հայոց բանակի քաջարի մարտիկները շարունակում են մշտարթուն հսկել հայրենիքն ու հայրենյաց սահմանները, և աննկուն են նրանց, ինչպես և մեր ողջ ժողովրդի ոգին ու վճռականությունը՝ աննահանջ ու հաղթական մնալու հայրենիքն ու անկախ կյանքը պաշտպանելու սրբազան գործում։

Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով (Փիլիպ. Դ 7), այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031