Ադրբեջանցիների ստեղծած կեղծ էջերից մեկը լուր էր տարածել, թե լրագրող Վարդան Օնանյանը զոհվել է: Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանն իրականում վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:
«Ինչպես տեսնում եք՝ ողջ եմ, բայց վիրավորված եմ: Մարկ Տվենի ականջը կանչի, որ մի խմբագրատանը նամակ էր գրել, թե իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են, հիմա այդ անուղեղները խիստ չափազանցրել են իմ մահվան մասին լուրերը:
Ունեմ ոտքերի վնասվածքներ, երկարատեւ բուժում է սպասվում, լավ եմ լինելու հաստատ: Կյանքս փրկված է, շնորհակալություն առաջին հերթին իմ մարտական ընկերներին, որոնք բարձունքից ինձ իջեցրել են հասանելի վայր, որտեղից տեղափոխվել եմ հոսպիտալ, ընթացքում էլ բուժակն ինձ առաջին օգնություն է ցույց տվել»,-հիվանդասենյակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց Վարդան Օնանյանը:
Նրա խոսքով, բժշկական միջամտություն է արվել Մարտակերտի հոսպիտալում, ապա այնտեղից տեղափոխվել է Ստեփանակերտ, իսկ վաղ առավոտյան վիրահատվել են ոտքերը: Վարդանը տեղեկացրեց, որ Երեւանից, ԱՄՆ-ից եւ Մոսկվայից բժիշկներ են եկել վիրավորներին օգնելու: Այժմ Վարդան Օնանյանը Էրեբունի բժշկական կենտրոնում է, որտեղ եւս մեկ վիրահատություն է տարել:
Կարդացեք նաև
«Չեմ կասկածում մեր հաղթանակի հարցում, մեր Վահագն ռազմաստծո ուժն ու զորությունը մեր զինվորների բազուկին, թող մեր Թուր Կեծակին շառաչի, մեր Քուռկին Ջալալին հայկական լեռնաշխարհով իր հայկական ընթացքն անի եւ մեր զինվորները պահեն Արցախը եւ Հայաստանը…Հաղթելու ենք եւ հաղթել ենք»,-ասաց նա:
https://www.facebook.com/100001064981944/videos/3635751549803642/UzpfSTEwMDAwMTA2NDk4MTk0NDpWSzozNjM1NzUxNTQ5ODAzNjQy/
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ