«Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանը դրանք օգտագործում է ոչ թե պաշտպանության, այլ հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այդ ժամանակ օգտագործում: Դրա համար Իսրայելի իշխանությունը եթե ասում է, թե տեղյակ չէ, դա հերթական ծաղրն է մարդկության հանդեպ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ եւս Ադրբեջանը հայկական կողմի դեմ օգտագործեց այդ թվում Իսրայելից գնված ԱԹՍ-ներ, սակայն, ըստ պայմանագրի, դրանք պետք է օգտագործվեին միայն պաշտպանական մարտերում, ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, տեղյակ է, եւ այսօր էլ շարունակում է մատակարարել: Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, եւ Իսրայելի ղեկավարության իրականացրած այս քայլերը հերթական ապացույցն են՝ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային, այլ Աստծո կողմից պարտադրված օրենքները: Տեղյակ են ոչ միայն Իսրայելի իշխանությունները, այլեւ բոլոր այն իշխանությունները, որոնք շարունակում են Ադրբեջանին մատակարարել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ