Մարդու իրավունքների պաշտպանության «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (ՄՔՀ) կազմակերպությունը դիմել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսին՝ դադարեցնելու զենքի վաճառքը և աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։
ՄՔՀ-ն դիմել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդին հրատապ միջոցառումներ ձեռնարկել՝ ի աջակցություն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, Թուրքիայի և սիրիացի ջիհադիստների թիրախում հայտնված քրիստոնյա հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղին։
Կազմակերպության նախագահ դր․ Ջոն Էյբները Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսին գրած նամակում զգուշացրել է, որ «իրական վտանգ կա, որ այս պատերազմը հայերի ցեղասպանության մի նոր փուլ կնախանշի, եթե մեծ տերություններն ու տարածաշրջանային դերակատարներն արագ և պատշաճ գործողությունների չդիմեն»։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա։ Թիրախավորվել են քաղաքացիական բնակության գոտիներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այնտեղ է տեղակայել հազարավոր սիրիացի ջիհադիստների՝ Լեռնային Ղարաբաղում կռվելու համար։ Ցայսօր միայն հարևան Հայաստանի Հանրապետությունն է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։
Կարդացեք նաև
1915-1923թթ․ քրիստոնյա հայերը Թուրքիայի կողմից ցեղասպանության են ենթարկվել։ 1990թ․ սկզբին ադրբեջանական պետությունը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներ իրականացնել։ Այսօրվա պատերազմը վկայում է ցեղասպանական նմանատիպ մտադրությունների մասին։ Դր․ Էյբներն իր նամակում նշում է՝ «երբ Ադրբեջանի նախագահն ազգային հեռուստատեսությամբ դիմում է իր երկրի բնակչությանը՝ հայերին անվանելով «շներ», կարող ենք վստահաբար ասել, որ կան ցեղասպանության բոլոր հիմքերը»։
Դր․ Էյբները դիմել է արտգործնախարարին «մեծ առաջնահերթություն տալ ցեղասպանության կանխարգելմանը և քաղաքացիական բնակչության պաշտպանությանը» և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և տեղահանվածներին։ Դր․ Էյբները նաև դիմել է Շվեյցարիային ռազմամթերք չտրամադրել հակահայկական ցանկացած միավորման։
Դր․ Էյբները կոչ է արել Դաշնային խորհրդին դուրս գալ քաղաքական երկարատև փակուղուց և ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այնպես, ինչպես Շվեյցարիան ոգևորությամբ օգնություն էր ցուցաբերում Կոսովոյին էթնոկրոնական պատերազմի (1998-1999թթ․) առաջին իսկ օրվանից։
Միջազգային քրիստոնեական համերաշխությունը միջազգային քրիստոնեական մարդասիրական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, կրոնական ազատությունը և մարդկային արժանապատվությունը։