Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շատ եմ ուզում գնալ Ղարաբաղ, վերջապես կանգնել մեր տան մոտ եւ ասել «մենք եկինք». մարտակերտցի 21-ամյա Տաթեւ

Հոկտեմբեր 11,2020 08:50

Նորից պատերազմ: Որտեղի՞ց սկսեմ այս ամենը: Ես Տաթեւն եմ՝ 21 տարեկան, Մարտակերտի շրջանից, ով 2-րդ անգամ տեսավ այս ամենը: Առաջին անգամ 2016-ի ապրիլի 2-ից սկսած եւ շուրջ մեկ ամիս տեւած պայքարը ազերիների դեմ: Եվ հիմա 2020 թ.սեպտեմբերի 27-ից սկսված ու դեռ շարունակվող այս պայքարը, չնայած այս պայքար բառը այն ամենի համեմատ, ինչ հիմա է կատարվում, մեղմ է ասված:

Սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան լսվեցին պայթյունների բարձր ձայներ: Շատերը դեռ քնած էին, շատերը՝ արթուն, մարդիկ էլ կային, որ մտածում էին` երկինքն է որոտում: Բայց իմ մտքով հենց առաջինը անցավ այն, ինչ իրականում կա: Որովհետեւ դա, մեզ՝ ղարաբաղցիներիս համար զարմանալի երեւույթ չէ: Թշնամին միշտ էլ խանգարել է մեր անդորրը, սակայն այս անգամ արեց այն, ինչին իրոք ընդունակ էր: Խլեց երիտասարդ տղաների կյանք, որոնք դեռ շատ երազանքներ ու նպատակներ ունեին, որոնք դեռ հայր պետք է դառնային: Մարեց շատ ընտանիքների ծուխը, շատերը իրենց տան միակ երեխան էին, շատերի երեխաները որբ մնացին:

Այս ամենից շաբաթներ առաջ ազերիները իրենց տեխնիկաները բերել ու մոտեցրել էին սահմանին եւ շարել սահմանի երկայնքով: Սակայն շատ հանգիստ կարելի էր մտածել, թե դա սովորականի համաձայն կատարվող հերթական հնարքներն են: Սակայն՝ ոչ, կրակոցներն սկսվեցին միանգամից եւ ոչ թե ավտոմատներով, որովհետեւ դրանք թեթեւ ձայներ չէին, այլ մեծ տրամաչափի զենքերով, քանի որ հենց առաջին ձայներից ամբողջ երկինքը դղրդում ու տան հայելիները շարժվում էին տեղերից:

Տաթեւը

Մենք վեր թռանք մեր տեղերից՝ կողմնորոշվելու, թե ինչ պետք է անենք: Տանը երեքով էինք՝ ես, մայրս եղբայրս: Մեր հայրը մեզ հետ չի ապրում եւ ոչ էլ կռվելու ենթակա է: Սակայն մայրս ու եղբայրս զինվորական են եւ ծառայում են այն գյուղի զորամասում, որտեղ ապրում ենք: Ժամը 7:20-ի կողմերն էր, հնչեց տագնապ, եւ մայրս ու եղբայրս շտապեցին զորամաս՝ իրենց ծառայությանը ու ինձ թողեցին տանը: Մայրս տնից դուրս գալիս գրկեց պինդ, համբուրեց եւ լացակումած գնաց: Մտքում երեւի հույս պահելով, որ նորից կտեսնի ինձ: Աստված վկա՝ ես նման բան թշնամուս անգամ չէի ցանկանա, եթե թշնամին ազերիների նման վայրենի ու ստոր չլիներ: Մեր տանը այդ նույն տեսարանը եղել էր մեկ էլ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Եղբայրս մորս տարավ զոորամաս, այնուհետեւ եկավ տուն, վերցրեց ինձ, որպեսզի ապահով տեղ տանի ու նոր գնա զորամաս: Ու երբ դուրս էինք գալիս տարածքից, ձայն լսեցինք՝ մտածելով մեքենան է փչանում: Իջանք մեքենայից ու մեր գլխավերեւում տեսանք ԱԹՍ-ն: Ասածս ինչ է. թշնամին ԱԹՍ-ներն ուղարկում է խաղաղ բնակավայրերի վրա եւ վնասում խաղաղ բնակչությանը: Կապվեցի քեռակնոջս հետ: Իմանալով նրանց տեղը՝ եղբայրս ինձ տարավ նրանց մոտ: Քեռիս նույնպես աշխատում է այն զորամասում, որտեղ մայրս ու եղբայրս: Նա ունի հինգ երեխա եւ մի քանի օրից կծնվի վեցերորդը՝ արու զավակ: Նրանց ընտանիքում կա երեք տղա, այսինքն, ապագայի երեք զինվոր, ովքեր օրինակ կվերցնեն մեր հերոս տղերքից եւ կպահեն այն հողերը, որոնց համար այսօր կյանքի գնով կռիվ են տալիս եւ արյուն են թափում մեր ներկայիս զինվորները: Քանի որ քեռիս զինվորական է, նրա ընտանիքին կռվի դաշտից հանեց ընտանիքի բարեկամ մի մարդ: Եվ հենց առաջին օրը ես, քեռակինս, հինգ երեխաները, տատիկս, պապիկս եւ այդ տղամարդը գիշերեցինք անտառում, որպեսզի համեմատաբար աավելի ապահով լինենք:

Մի քանի ժամ մնալով՝ հասկացանք, որ այս ամենը երկար կտեւի: Դրա համար քեռակինս եւ վարորդը ռիսկի դիմելով հետ վերադարձան տուն, որպեսզի երեխաների համար հագուստ եւ ծածկոցներ վերցնեն, քանի որ գիշերը պետք է մնայինք անտառում: Այդ ընթացքում անտառի մեջ տղաներ պատահեցին եւ հարցրեցին, թե ինչի կարիք ունենք: Ասացինք՝ ոչ մի բանի։ Բայց նրանք, չանցած 15 րոպե, վերադարձան քաղցրավենիքով եւ հյութերով: Այդ արարքից ես ինձ այնքան լավ զգացի, որ մարդկությունը դեռ չի վերջացել: Չանցած մեկ ժամ, մերոնք եկան՝ իրենց հետ բերելով հագուստ եւ առաջին անհրաժեշտության մի քանի իր, քանի որ վաղ առավոտյան տնից դուրս էին եկել գիշերանոցով: Այնքան դժվար էր երեխաների հետ գիշերել անտառում եւ քնել գետնին: Հաջորդ օրը կեսօրից հետո եկանք Երեւան եւ մնացինք այն մարդու տանը, ով մեզ դուրս էր բերել Մարտակերտից: Շնորհակալ ենք թե այս մարդուն, ով մեզ բերեց իր տուն ապահով պահելու համար եւ մեր կողքին եղավ մինչեւ վերջ եւ նրա հրաշք աղջկան, ով մեզ օգնության ձեռք մեկնեց ՌԴ-ից: Օգնություն ցուցաբերեցին շենքից սկսած, որտեղ հիմա մենք բնակվում ենք, մինչեւ դերասաններ ու երգիչներ, ովքեր օգնում էին ողջ Արցախի ժողովրդին: Բոլորը միահամուռ ոտքի ելան հանուն մեկ ազգի եւ ժողովրդի՝ մեկ բռունցք դարձած:

Այս քանի օրվա ընթացքում ինձ հետ կապվեցին մեր ՌԴ-ի բարեկամները, ինչպես նաեւ Ֆրանսիայի մեր հայրենակիցներից, եւ իրենց օգնությունն էին առաջարկում: Մենք մենակ չենք, մեզ հետ է մեր ամբողջ հայ ազգը՝ տարբեր տարածաշրջաններից: Մեզ օգնություն ցուցաբերած խմբի աղջիկներից մի քանիսը եկան եւ քեռակնոջս տարան հիվանդանոց, որպեսզի ստուգեն նրա եւ դեռ չծնված մեր բալիկի վիճակը: Եվ քանի որ օրերը մոտ էին ծնվելու, ես նույնպես գնացի նրանց հետ: Միջանցքում սպասելու ընթացքում լսեցի, որ այս քանի օրերին տվյալ հիվանդանոցում ծնվել են մի քանի ղարաբաղցիներ: Հենց այս պահի համար են ասել՝ որտեղ կա մահ, այնտեղ էլ՝ ծնունդ:

Հայը միշտ կռվող եւ ուժեղ ազգ է եղել, ով ամեն անգամ ու ամեն կերպ փորձել է պահպանել իր սահմանները, չնայած նրան, որ հնում՝ Տիգրան Մեծի ժամանակ, մեր Հայաստանը կոչում էին Ծովից ծով Հայաստան: Եվ թեկուզ հիմա մեր հողերի մեծ մասը գտնվում է թշնամու ձեռքում, մենք ուզում ենք պահպանել այն, ինչ կա այսօրվա օրով: Ազերին միշտ էլ ցանկացել է բնաջնջել հայերին եւ ինչպես գիտենք շատերս, ցանկացել են թողնել մեկ հայ, այն էլ՝ միայն թանգարանում:

Բոլորիս բարեկամները եւ ընտանիքի անդամները հիմա դիրքեր են պահում: Քեռիս՝ իր երեխաներին ու կնոջը թողած, մայրս, որ կին արմատ լինելով՝ իր պարտականությունն է կատարում եւ ծառայում իր հայրենիքին: Պապիկս ու տատիկս մնացին գյուղում՝ չթողնելով իրենց տունը: Մենք հիմա ամեն րոպե սպասում ենք, որ լսենք հրադադարի լուրը եւ հենց վաղը գնանք մեր տները: Տնից լավ տեղ չկա, մենք ուզում ենք լինել մեր տանը եւ մեր հարազատների մոտ: Արդեն 14-րդ օրն է, ինչ այս ամենը սկսված է: Եվ ես շատ եմ ուզում գնալ Ղարաբաղ, տեսնել մերոնց եւ գնալ աշխատանքի: Եվ վերջապես կանգնել մեր տան մոտ եւ ասել «մենք եկինք»:

Ազերին միշտ էլ պահանջել է այն, ինչը իրեն չի պատկանել՝ մեր հողերը, որոնք նրանք անվանում են իրենցը: Ազերին չկար այն ժամանակ, երբ կար հայը: Մենք ունենք մեր հողը, որը երբեք նրանցը չէ: Մենք ունենք մեր հողը, որը երբեք նրանցը չի դառնա: Ուղղակի զարմանում եմ մի բանի վրա, թե ինչու հզոր պետությունները որեւէ բան չեն ձեռնարկում, ինչու չեն կանգնեցնում այս ամենը, ինչու են այս ամենին նայում հանգիստ:

Հիշում եմ՝ մեծերը միշտ պատերազմը հիշելով ասում էն. «Աստված չանի՝ դուք էլ տեսնեք այն ամենը, ինչ որ մենք տեսանք»: Մեծեր ջան, մենք էլ ենք տեսնում ու մենք էլ պատերազմի մասին հիշելու բան ունենք:

Չգիտեմ, այս ամբողջ պատմության մեջ ինչեր բաց թողեցի, որովհետեւ այս ամենը չնչին է մեր այս քանի օրվա մեջ ապրածի համեմատ: Այնքան որ, մի քանի խոսքով ներկայացրի այս ամենը:

Ես հպարտ եմ իմ հայ զինվորով: Կեցցե մեր հայոց բանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031