Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի սպա Հրաչյա Արզումանյանի կարծիքով՝ իրավիճակը բավականին անկանխատեսելի է: IDeA հիմնադրամի կազմակերպած «Խոսում է Արցախը» առցանց քննարկմանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ գրեթե 11 ժամ տևած բանակցություններից հետո հումանիտար հրադադարի պայմանավորվածության մասին՝ Հրաչյա Արզումանյանն ասաց. «Սա ընդամենը դադար է, որ կողմերը կանգ առնեն, որոշակի հարցեր կարգավորեն, իսկ ուժային կենտրոններն արդեն ժամանակ ունենան, որ կարգավորեն այն իրավիճակը, որը ստեղծել են Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիայի սկզբից, որը բավականին անսպասելի էր ուժերի բոլոր կենտրոնների համար: Իսկ մնացածը հետո է արվելու: Անցումային փաստաթուղթ է ընդունվել, և Ադրբեջանն անմիջապես ցույց տվեց, որ դեռ այնքան էլ պատրաստ չէ պահպանել այն, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ցույց տվեց, որ մյուս կողմը բավականին սկեպտիկ է տրամադրված այդ փաստաթղթի տակ դրված ստորագրությանը»:
Հարցին՝ այն, որ Ադրբեջանը փաստորեն չի պահպանում հրադադարը, իսկ ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ նրա համար, Հրաչյա Արզումանյանը պատասխանեց. «Հիշեք Ադրբեջանի վարքագիծը 1994 թվականի մեծ հրադադարից հետո: Ադրբեջանը դժբախտաբար ընտրեց նացիստական պետության կառուցումը, որը հիմնված է հայության հանդեպ ատելության վրա: Հայ բառը արգելված էր Ադրբեջանում և այդ ատելության վրա կառուցվեց ադրբեջանական պետությունը»:
ԱԳ նախարարությունների բանակցությունից հետո ընդունված փաստաթղթում ամրագրված է՝ «Կրակի ռեժիմի դադարեցման կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ կերպով». հարցին՝ ի՞նչ է դա նշանակում, Հրաչյա Արզումանյանը պատասխանեց. «Պարամետրերը պետք է դեռ համաձայնեցվեն: Սա աշխարհի ուժային կենտրոնի պահանջն է: ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան փորձում են ժամանակ շահել և հասկանալ, թե ինչ անել այն իրավիճակում, որը պայթեցրել են Ադրբեջանը և Թուրքիան: Մտածել, որ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ չեմ կարծում: Սա ընդամենը հումանիտար հրադադար է: Հայկական կողմի համար էլ է սա ժամանակ շահելու, մտածելու համար, թե ինչ ենք արել վերջին 30 տարվա ընթացքում, 2016-ի հրադադարից հետո: Ուրեմն երևի մենք էլ այնպես չենք անում, որ անընդհատ նույն փոսի մեջ ենք ընկնում»:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում սուբստանտիվ՝ առարկայական բանակցություններ, Հրաչյա Արզումանյանը պարզաբանեց. «Սա ածական է, որը ոնց ուզես, կարող են մեկնաբանել: Հիմա փորձել մեկնաբանել այդ բառը, բավականին վաղ է: Հայկական կողմը մի բան է հասկանալու՝ սուբստանտիվ բանակցություններ ասելով, երկրորդ կողմը՝ այլ, ուժային կենտրոնները այլ բան: Մենք պիտի հասկանանք, թե ինչպես ենք լուծելու մեր ռազմավարական խնդիրները և ինչպիսին պիտի լինի հայության՝ որպես գլոբալ երևույթի արձագանքը նրան, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ վերջին օրերի ընթացքում»:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի՝ սա տեղական պատերազմ է, որտեղ Ադրբեջանը լուծում է լոկալ խնդիրներ: Ինքը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը: Մյուս կողմից Հրաչյա Արզումանյանը նշեց. «Սա նաև տարածաշրջանային պատերազմ է, որտեղ Թուրքիան փորձում է Կովկասում լուծել խնդիրներ: Սա նաև գլոբալ պատերազմ է ահաբեկչության դեմ: Թուրքիան սկսեց օգտագործել ջիհադիզմի գործիքակազմը, որ այն բերի նաև մեր մարտական գործողությունների բեմահարթակ: Տեղական և տարածքային հակամարտությունը դարձավ գլոբալ հակամարտություն»:
Ըստ Հրաչյա Արզումանյանի՝ Թուրքիան իր քայլով Ադրբեջանը վերածում է մերժված պետության: Ջիհադիստների առկայությունը Ադրբեջանի տարածքում հնարավորություն է տալիս Թուրքիայի ներթափանցել Կովկաս՝ ապակայունացնել այն:
Ըստ փորձագետի՝ Իրանին ձեռնտու չէ, Ադրբեջանում տեղի ունենա ապակայունացումը, որը կբերի նաև իրանյան Ադրբեջանի ապակայունացմանը:
Հարցին՝ ինչպե՞ս պիտի օգտագործել հրադադարը, կարո՞ղ է Կոսովոյի սցենարը օգտագործվել, նա պատասխանեց. «Մենք կարողացանք ապահովել ՀՀ սահմանների պաշտպանությունը մարտական գործողությունների ընթացքում: Եկանք այն եզրահանգման, որ այս խնդիրն այլևս ռազմական լուծում ունենալ չի կարող: Հայկական կողմը բոլոր ունեցած ռեսուրսները պիտի ուղղի Արցախի միջազգային ճանաչմանը, քանի որ սա արդեն հանում է միանգամից հարցի լոկալ կողմը: Մենք լուծում ենք Արցախի հարցը և հասնում ենք արդեն ամենակարևոր խնդրին, որը ճանաչումն է: Դա զրկում է Ադրբեջանին ներկայացնել սեփական բացատրությունը, թե ինչու է սկսում պատերազմը: Թուրքիան էլ չի կարող օգնել նրան»:
Հրաչյա Արզումանյանն ասաց, որ միջազգային ահաբեկչության խնդիրը հայկական կողմի ձեռքին տալիս է որոշակի փաստարկ: Նա նկատեց՝ Հայաստանը որպես հետխորհրդային պետություն, պետականություն մեռնում է, և նոր՝ վերածնվող Հայաստանի ժամանակն է նոր աշխարհում, քանի որ COVID-19-ից հետո աշխարհն էլ է փոխվել, նոր աշխարհ է ձևավորվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ