Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը և իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը. Զոհրաբ Մնացականյան

Հոկտեմբեր 10,2020 13:46

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով

-Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք՝ ինչ օրակարգով եք ժամանել Մոսկվա և ինչ արդյունքներով ենք վերադառնում ռեկորդային տևողությամբ այս բանակցություններից հետո:

Այո, բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին. կարողանալ հասնել մի իրավիճակի, որում կարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Եվ հասկանում եք, որ ագրեսիան այս պարագայում ընթանում էր առանձնահատուկ իրավիճակում, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ այդ ուժերի ներգրավմամբ։

Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն։ Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և՛ տարածաշրջանի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի համար, առաջին հերթին, դարձել էր բավական լուրջ մարտահրավեր։ Եվ առանց այս իրավիճակին ավարտ դնելու, վերջնակետ դնելու որևէ առաջընթացի մասին խոսելն, իհարկե, անհնար կլինի։ Ինչը բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմական գործողությունները, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ ձևաչափը, միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար։ Եվ որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։

Այժմ առաջին խնդիրը ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։ Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը. հենց առաջին օրվանից բավական մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները: Ծանոթ եք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նախագահների առանձին այն քայլերին, գործողություններին, որ իրենք կատարում էին: Այդ առումով մեծ է և՛ Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և՛ Միացյալ Նահանգների կողմից հայտարարությունը թե՛ նախագահի, թե՛ պետքարտուղարի մակարդակով։ Սա շատ էական էր՝ մտահոգության խորությունը, իրավիճակի լրջությունը և ներգրավվածությունն ի ցույց դնելու առումով։ Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌԴ նախագահն անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ, ինչպես և մյուսները։

Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին։ Եվ մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրա իրականացմանը։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք վաղը ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին։

Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն:

Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն։

-Հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր և ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին։

Դա առաջին քայլն է։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ հումանիտար բնույթի հարցերը լուծելու համար։ Մյուսը կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, կրակի դադարի ամրագրումն է, այն մեխանիզմների ամրագրումը, որոնք ապահովում, ամրապնդում են կրակի դադարը, ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը։ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն կարևոր գործառույթ իրականացնելու: Մեր համաձայնեցրած տեքսից կնկատեք, որ դրանք մեկը մյուսից բխող քայլեր են՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031