«Եվրոպական եւ ԱՄՆ դատարանում կա մի սկզբունք, երբ բացահայտվում է որեւէ մի վկայի սուտ խոսելը ինչ-որ հարցի մասին՝ նրա ամբողջ վկայությունը համարվում է ոչ հավաստի ու մի կողմ է դրվում: Մի քանի օր առաջ Ալիեւն ու իր վարչակազմը պնդում էին՝ չկա ու չի եղել թուրքական օդանավ Ադրբեջանի տարածքում, երբ լուսանկարներով բացահայտվեց, որ հոկտեմբերի 3-ին դրանք կայանված են եղել Գյանջայի օդանավակայանում: Հիմա էլ ասում է, թե այո, եղել են, բայց չեն օգտագործվել: Այդ հայտարարությանը որեւէ մեկը չի հավատա»,- կարծում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: Նա հայտարարել է, որ դրանք ժամանել են Ադրբեջան համատեղ զորավարժությունների համար՝ վստահեցնելով, որ դրանք չեն մասնակցել պատերազմական գործողություններին:
Ըստ Արա Պապյանի՝ Ալիեւը սուտ հայտարարություններն անում է սովորական ընթերցողների համար, որոնք հավաստիանալու հնարավորություն չունեն. «Ես վստահեցնում եմ, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում մի շարք երկրներ, որոնք համապատասխան արբանյակներ ունեն, այդ ամբողջը վաղուց վերեւից արձանագրել են ու տեսագրել, գիտեն՝ որտեղից, ինչ հարված է եղել, ինչպես New York Times-ը լուսանկարները բացահայտեց, ակնհայտ է, որ պարբերականի կողմից այդ լուսանկարները չէին արվել, այլ արտահոսք էր կազմակերպել: Շուտով էլի այլ արտահոսք կկազմակերպվի, եւ պարզ կդառնա, որ F 16-ը գործածվել են: Անտրամաբանական է, երբ ասում է՝ եղել են, բայց չեն մասնակցել պատերազմական գործողություններին, հարց է առաջանում ՝ ինչու էին այդ ժամանակ այդտեղ, որ չպետք է գործածվեին, չէ՞ որ այդտեղ լինելով՝ օդանավերը կարող էին ոչնչացվել: Տրամաբանությունը հուշում է, որ եթե չպետք գործածվեին, ապա մինչեւ պատերազմը պետք է այդ օդանավերը վերադառնային Թուրքիա ՝ որպես թուրքական օդանավեր: Ալիեւը սուտ է խոսում, իսկ մեծ երկրները գիտեն, ու շուտով էլի փաստեր կներկայացվեն այդ օդանավերի մասնակցության վերաբերյալ:
Ի դեպ, շատ լուրջ փաստեր կան, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին եւս օդանավային հարված է ստացել, արդեն իսկ համապատասխան ռումբերի բեկորները հայտնաբերվել են՝ ՆԱՏՕ-ի թվերով ու մակագրությամբ, այսինքն՝ այդ ռումբը ՆԱՏՕ-ական է եղել, հրթիռային ռումբեր են, իսկ դրանք F16-երի վրա են դրվում: Սուտասան մարդիկ են, սուտ են խոսում: Սկզբում ժխտում էին, թե ընդհանրապես հարձակում չի եղել եկեղեցու վրա, իրենք ամեն ինչ ասելու են, բայց աշխարհն այսօր փոխվել է»:
Կարդացեք նաև
Արա Պապյանի կարծիքով, եթե պատերազմական գործողությունները շարունակվեն, Ադրբեջանը չի կիրառի F 16, կվախենա, որ կբացահայտվի, քանի որ աշխարհի ուշադրության կենտրոնում է. «Մյուս կողմից հույս ունեմ, որ մերոնք S 300-ները, որոնք Հայաստանի տարածքում տեղակայված են, կօգտագործեն, կբերեն Արցախի տարածք: Ինձ համար Արցախը ՀՀ մաս է, որովհետեւ Արցախում ապրող մարդիկ մեր քաղաքացիներն են, նրանց պետք է պաշտպանել: Հիշեցնեմ,որ ՌԴ-ն իր քաղաքացիներին պաշտպանելու համար զորք մտցրեց Հարավային Օսեթիա եւ Աբխազիա: Մի կողմ եմ դնում՝ Արցախն ում հողն է, մեր քաղաքացիներն են ապրում Արցախում, մենք իրավունք ունենք նրանց պաշտպանելու համար S 300-ները առաջ տանել եւ խփել այդ օդանավերը, որոնք քաղաքացիական թիրախներին են խփում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արա Պապյանին տեղեկացրեք, որ F16 խոցելու համար С400 է պետք։ С300-ը չի տեսնում F16-ին անհրաժեշտ հեռավորության վրա։