Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ մեկ ճանճ չի վրիպում իրենց խոցումից». Արծրուն Հովհաննիսյանը՝ կին պայմանագրայինների մասին

Հոկտեմբեր 09,2020 22:45

«Այսօր նախնական տեղեկություններով առնվազն 2 տասնյակին մոտիկ տեխնիկայի կորուստ ունի հակառակորդը»,- ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով ճշգրիտ տվյալների համար հետեւել Միասնական տեղեկատվական հարթակին:

Հարցին՝ դավաճանության համար ձերբակալվածների գործողությունները ինչքանո՞վ են խանգարել մեզ, արձագանքեց, որ դա իր պատասխանելիքը չէ:

Ճեպազրույցի ժամանակ խոսք եղավ նաեւ Նախիջեւանի հատվածում իրավիճակի մասին: «Համեմատաբար հանգիստ է, չկան մարտական գործողություններ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցերին՝ կա՞ն գերիներ հայկական եւ ադրբեջանական կողմերում, եւ բանակցություններից հետո առաջնագծում ի՞նչ վիճակ է տիրում, արդյոք կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի մյուս քաղաքները, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Գերիների մասով որեւէ տեղեկության չեմ տիրապետում, ինչ վերաբերվում է հրթիռակոծմանը, ձեր նշած բանակցությունների ընթացքում, որոնց մասին մամուլից եմ տեղեկացել, իմ աչքի առաջ մարտական գործողությունները բոլոր ճակատներում եւ բոլոր ձեւերով շարունակվում էին առանց որեւէ տարբերության»:

Շուշիի հրթիռակոծման մասին էլ խոսվեց: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա կարող է լինել հարվածային ԱԹՍ կամ գերճշգրիտ հարձակման այլ միջոց, ասենք բալիստիկ հրթիռ կամ ինքնաթիռից արձակված հարվածային միջոց. «Այն , որ գերճշգրիտ հարված է հասցվել եկեղեցու գմբեթին, եւ նույն տեղին երկրորդ հարվածն է հասցվել, փաստ է»:

Հարցին՝ որքանով է հավանական հրադադարը այս փուլում, երբ մարտական գործողությունները շարունակվում են, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Իրավասու չեմ բանակցությունների մասին որեւէ բան մեկնաբանելու, տեղյակ չեմ, իրազեկված չեմ, մամուլից եմ տեղեկացել, այդ ընթացքում եղել եմ Արցախում, հասնելով Գորիս՝ ստացել եմ տեղեկատվություն: Ճակատում որեւէ փոփոխություն չկա: Բանակցությունների ընթացքում մարտական գործողությունները շարունակվում են նույն ձեւով՝ նույն սաստկությամբ: Ալիեւի վերջին հայտարարության մեջ եւս փոփոխություն չեմ տեսել, ընդամենը տեսել եմ կապիտուլյացիայի պահանջ»:

Արդյոք Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները հետախուզակա՞ն էին, թե մարտական: «Հետախուզական են եղել, բայց ՊՆ-ն դեռ չի ներկայացրել դրանց տարատեսակները: Կա մի հետաքրքիր բան՝ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ՝ հետախուզահարվածային ԱԹՍ-ներ, եւ հաճախ շատ դրանք տարանջատելը դժվար է»,-պատասխանեց բանախոսը:

Ինչպե՞ս են ռազմաճակատում իրենց զգում կին զինծառայողները, եւ երբ կպատմեն նրանց հերոսության մասին: Այս հարցի վերաբերյալ էլ Արծրուն Հովհաննիսյանը հետեւյալն ասաց. «Այսօր տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են, որոնք շահագործում են մեր զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, իրենց հիանալի են դրսեւորում: Կարելի է ասել անգամ մեկ շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից:

Տեսել եմ նաեւ դիպուկահար ու հրետանավոր կանանց, չեմ տեսել, բայց շատ եմ լսել վաշտի հրամանատար աղջկա մասին, ում հետ շատ կուզենամ ծանոթանալ: Մեր աղջիկները, կանայք, քույրերը մարտական խնդիր են կատարում, հերոսանում են: Երեկ չէ առաջին օրը ծանոթացել ենք աղջկա հետ, որը 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին եւ եկել է պատերազմ, որովհետեւ պրոֆեսիոնալ զինվորական է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031