Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի զինված նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով՝ ետ շպրտել ելման դիրքերը:
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնելով ռազմաճակատային իրավիճակը նշեց, որ առավոտյան ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում նոր թափով սկսել են մարտական գործողությունները, որոնք այժմ էլ շարունակվում են. «Հյուսիսում նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ: Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի զինված նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով՝ ետ շպրտել ելման դիրքերը»:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը կրկին կրել է որոշակի կորուստներ: Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների այն հայտարարությանը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից գյուղերը, ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց. « Սա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետեւ ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութ քաղաքում, եւ որեւէ նման բան չկար: Ասեմ ավելին՝ կոնկրետ այդ ուղղությամբ, այսինքն՝ մերձարաքսյան հովտից մի փոքր ավելի հյուսիս ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»:
Արծրուն Հովհաննիսյանը փաստեց, որ ողջ օրը հրթիռակոծվել եւ գնդակոծվել է Ստեփանակերտը, առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տեսակի զենքերից. «Ես այսօր իմ աչքերով տեսա նաեւ Շուշիում եկեղեցու վնասվածքը, փլվածքը: Ըստ էության եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ, եւ դա չի կարող լինել պատահական հարված»:
Կարդացեք նաև
Նրա բնորոշմամբ, գիշերը որպես կանոն մարտերը շարունակվում են, ուղղակի առավոտյան դրանք ավելի են թեժանում են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ