Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան․ «Սա խոսքի ազատության դեմ ուղղված իրական սպառնալիք է»

Հոկտեմբեր 09,2020 20:50

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանին, որ նա իր դիրքորոշումն արտահայտի, թե արդյոք կառավարության որոշումը և օրենքների նախագծերի՝ ԱԺ ընդունած փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը, և իր լիազորությունների շրջանակում դիմի Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում էին ռազմական դրության իրավական ռեժիմի եւ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումների եւ սահմանափակումների խախտման համար քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող օրենքների նախագծեր։

Մասնավորապես, նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար նախատեսվում է 700.000-ից մինչեւ 1 մլն ՀՀ դրամ տուգանք։

«Կառավարության այդ որոշումը և Ազգային ժողովի այդ օրենսդրական փաթեթի ընդունումը Սահմանադրության հետ կարծես խնդիրներ ունի։ Առհասարակ, ես համարում եմ, որ այս որոշումը շատ լուրջ խնդիրներ, խոչընդոտներ է առաջացնում մամուլի աշխատանքի համար։ Սա խոսքի ազատության դեմ ուղղված իրական սպառնալիք է, և իմ խորին համոզմամբ՝ այն կիրառվում է բացառապես քաղաքական նպատակներով։ Երկրում պատերազմ հայտարարված չէ, ռազմական դրություն է հայտարարված, և, ի դեպ, երբևէ նախկինում՝ արցախյան պատերազմի տարիներին նման բան չի հայտարարվել։ Չնայած այդ ամենին՝ պատերազմական այս ծանր ու լարված պայմաններում, երբ բոլորիս նյարդերը պրկված են, հասկանալով մեր աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը, ունենալով ամբողջ այդ գիտակցումը, լրատվամիջոցները, ռազմական դրության պայմաններից ելնելով՝ հնարավորինս համագործակցում են պատկան մարմինների հետ: Կարծում եմ՝ իշխանությունների կողմից նման փոփոխությունների որոշումը սխալ է և խոչընդոտում է ԶԼՄ-ների աշխատանքը, վնաս է հասցնում մարդկանց ազատություններին առհասարակ, և հատկապես՝ տեղեկացված լինելու, կարծիք արտահայտելու իրավունքին։ Մարդիկ երբեք չպետք է զրկվեն կարծիքներ լսելուց, կարծիքներ արտահայտելուց։ Սա իսկապես լուրջ սպառնալիք է, և պետք է այս ամենի դեմ բարձրաձայնի Հայաստանի ժուռնալիստների միությունն էլ, հանրությունն էլ: Այս պայմաններում վերոնշյալ սահմանափակումները խոսում են այն մասին, որ իշխանություններն առհասարակ չեն ուզում լսել իրենց հասցեին ուղղված որևէ քննադատական խոսք և խուսափում են հարցերից, որոնք իրենց տրվելու են՝ անկախ ընդունված սահմանափակումներից»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Նա կարծում է, որ դա ընդամենը իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով կիրառվող գործիք է և ոչնչի չի նպաստելու․

«Ընդհակառակը, ստացվելու է՝ եռացող կաթսայի կափարիչը իշխանությունները փակում են, որ որևէ կարծիք չլինի, միայն լինի պաշտոնական տեսակետ, որ որևէ մեկը տեսակետ չարտահայտի, այլ տեղեկատվություն չլինի, ու միայն իրենք խոսեն, բոլորը ծափահարեն… ո՞ր ժամանակաշրջանն ենք գնում, ո՞ւր ենք գնում, ո՞ր թիվ ենք գնում, լեզուս էլ չի պտտվում ասեմ՝ 37 թիվ ենք գնում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031