Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կա միջազգային ճանաչման քաղաքական գործընթաց և ԱՀ-ն ակնկալում է, որ այն թափ կստանա». Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 09,2020 19:55

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Պաշտոնական Երեւանից, հատկապես վերջին օրերին, առավել ինտենսիվ է հնչում Արցախի հանրապետության ճանաչման հրամայականը: Այս առիթով ժամանակին շատ ենք լսել հակադարձումներ, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախը, հետեւապես, այդ առիթով այլոց ուղղված կոչերը լուրջ չեն: Այս ամենի համատեքստում, Ձեր կարծիքով, այժմ ճի՞շտ է ճանաչման գործընթացը Երեւանից սկսելը: Նաեւ՝ ԱՀ միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի նկատմամբ քաղաքական զսպման մեխանի՞զմ կդառնա՞:

-ԱՀ միջազգային ճանաչման հարցը երբևէ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս չի եկել: Խնդիրն օրենսդրական նախագծի մակարդակով մի քանի անգամ բարձրացվել է, սակայն հետաձգվել բանակցային գործընթացը փակուղի չտանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չխաթարելու հիմնավորումներով:

Իսկ Արցախի միջազգային ճանաչման հարցը ռազմական դիվանագիտության և հակառակորդի զսպմանն ուղղված ռազմաքաղաքական միջոցառումների համակարգում է: Իրականում, նման զսպում հայկական կողմից արդյունավետության տարբեր աստիճաններով կիրառվում է 1994 թ. մայիսից՝ անժամկետ հրադադարի հաստատումից հետո, ինչը թելադրվում է հակամարտող կողմերից մեկի՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանության և սպառազինության մրցավազք թելադրելու քաղաքականությամբ:

-Արցախի հանրապետության միջազգային ճանաչման մասին խոսակցությունները նաեւ միջազգային հարթությունում՝ առայժմ, իհարկե, հայամետ անհատների կողմից բավականին թափ հավաքեց պատերազմի վերսկսմանը համընթաց. ի՞նչ հիմքեր և ակնկալիքներ կան, որ նման լայնամասշտաբ գործընթացի ականատես կլինենք, քանի որ առաջին փոքրիկ ծիծեռնակներն արդեն կան:

-Այսօր ԱՀ-ն և նրա անվտանգության երաշխավոր ՀՀ-ն դիմում են միջազգային առաջադեմ հանրությանը առաջարկով` ակտիվ քաղաքական խոսույթ և գործելակերպ դրսևորել  Արցախի հանրապետության  միջազգային ճանաչման շուրջ: Արդեն իսկ կան առաջին միջազգային արձագանքները: Հոկտեմբերի 8-ին  Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը:

դատապարտել է Ադրբեջանի հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության դեմ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։ Նույն համատեքստում Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր ընդունեց որում սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժում բռնության կիրառումը: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱՀ ճանաչման հարցում Ֆրանսիայից ունեցած ակնկալիքների մասին: Ի դեպ նա ակնկալիքների մասին բարձրաձայնեց նաև  Ֆրանսիայի նախագահի հետ այսօր  տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հոկտեմբերի 9-ին Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Որոշում էր կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը: Կարևորում ենք  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հայտարարությունը. «ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին և Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի հանրապետությունն անկախ ճանաչել և պարտավորվել աշխատելու միջազգային հանրության հետ՝ «նույնին հասնելու համար»: Այսինքն` կա միջազգային ճանաչման քաղաքական պրոցես և ԱՀ-ն ակնկալում է, որ այն թափ կստանա:

Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը կենսական անհրաժեշտության նշանակություն է ստանում, պատերազմի շուրջ ձևավորված զարգացումների ֆոնին, մասնավորապես՝ այն պահին, երբ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով հանդիպում է տեղի ունենում, Ալիևը ուղերձով դիմում է Ադրբեջանի ժողովրդին՝ կրկնելով նախկին թեզերը, այդ թվում «Ղարաբաղն Ադրբեջան է» անհեթեթ թեզը:

-Ձեր գնահատմամբ, Արցախի հանրապետությունը բավական ճանաչողականություն ունի՞ միջազգային հանրույթում:

-Արցախի հանրապետության ինքնորոշման իրավունքի փաստի ճանաչման համար ԱՀ-ն տասնամյակներ շարունակ  ձևավորել է բոլոր ծանրակշիռ հիմքերը, առաջին հերթին դա նրա՝ որպես ժողովրդավարական իրավական պետության կայացված լինելու փաստն է: Նշված ծանրակշիռ հիմքերին գումարվել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի պայմաններում և  Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիոն տանդեմի դեպքում Արցախի հանրապետության ստանձնած  հստակ դերակատարությունը՝  միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու գործելակերպը: Հետևություն՝ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը ենթադրում է նաև անվտանգության միջազգային երաշխիքներ: ԱՀ-ն ունենալով ժողովրդավարական պետության բնութագրական հատկանիշները, անուղղակիորեն  ընկալվում է պետությունների համաշխարհային ընտանիքի մի շարք անդամների կողմից: Ունենք ԱՀ միջազգային ճանաչման դեպքեր քաղաքների և նահանգների մակարդակով: Ճանաչման աննախադեպ խոսույթ էր ծավալվել ապրիլյան պատերազմի ընթացքում և հետապրիլյան շրջանում: Այժմ էլ, ինչպես նշեցի,  նման գործընթաց կան, փաստացի միջազգային առաջադեմ հանրույթը դատապարտում է Ադրբեջանի ծավալած պատերազմական գործողությունները և կոչ անում ճանաչել ԱՀ-ն:

Այժմ եկել է համակրանքի դրսևորումներից կոնկրետ գործողությունների անցնելու ժամանակը: Կարծում ենք, որ այստեղ հիմնական դերակատարությամբ պետք է հանդես գան  նաև հակաթուրքական տրամադրություններ ունեցող պետությունները: ԱՀ միջազգային ճանաչման ակտի ծավալումը միջազգային հարթակում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական տանդեմի նկատմամբ քաղաքական լուրջ զսպում կարող է ծառայել :

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031