Այս պատերազմական օրերին Հայաստանում բնակվող բազմաթիվ ընտանիքներ համալրվել են Արցախից ժամանած երեխաներով, կանանցով, տատիկ-պապիկներով: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով արցախցի մեր հայրենակիցներից որոշները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում: Նրանց մի մասը բնակվում է սովորական ընտանիքներում, քանի որ շատերը ցանկություն են հայտնել հենց իրենց տանը հյուրընկալել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին:
Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում փորձեց պարզել՝ այս երևույթը ի՞նչ փոփոխություններ կարող է մտցնել հայ ընտանիքներում, ինչպե՞ս պետք է հաղթահարել այս փուլում առաջացած դժվարությունները, քանի որ որքան էլ կամավոր սկզբունքով, այնուամենայնիվ, տարբեր պատկերացումներ ունեցող ընտանիքներ են միավորվել մեկ հարկի ներքո, կարող են որոշ անհարթություններ առաջանալ: Հոգեբան Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկապես հիմա՝ միասին ապրելու սկզբնական շրջանում, ոչ մի խնդիր գրեթե չկա, քանի որ ամեն բան համերաշխության շրջանակներում է: Աննա Բադալյանն ասաց՝ հուսով է, որ այս ամենը երկար չի շարունակվի, և արցախցի ընտանիքները ստիպված չեն լինի երկար ամիսներ անցկացնել այլ ընտանիքներում: Բայց նաև նշեց, որ արդեն տևական ժամանակ միասին բնակվելու ժամանակ կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Այս առումով նա կարևորեց երկու ընտանիքների կանանց դերակատարությունը ու մանրամասնեց. «Այստեղ կարևոր է հյուրընկալվող և հյուրընկալող ընտանիքների կանանց դերը: Այդ դերակատարությունը հատկապես կարևոր է երեխաների հետ կապված հարցերում՝ հատկապես երեխաներին սաստելը, սանձելը, միասնականությունը: Այդ ամենը նաև կախված է նրանց հուզական վիճակից և ինտելեկտուալ մակարդակից: Իրենց ձեռքին է՝ այդ ամենը կանցնի խաղաղ, ազնի՞վ, թե՞ կլինեն որոշակի կոֆլիկտներ: Մայրերն են եկել իրենց երեխաների հետ»:
Հոգեբանը նշեց, որ մեր ազգը սիրում է նեցուկ լինել, հոգեբանական մթնոլորտը պահելու առավելություններ շատ ունի, քանի որ հյուրընկալ ենք: Մի կարևոր գործոն էլ նշեց. «Այդ անձինք պատահական ընտանիք չեն գնացել, ցանկացել են, որ հյուրընկալեն: Այսինքն՝ որոշակի ժամանակահատված հոգեբանորեն այդ խաղաղությունը պահպանվելու է, բայց եթե հանկարծ երկար ձգվի, որը կցանկանայի՝ չլինի, այդ դեպքում կլինեն տարաձայնություններ: Այս ամենը կսկսվի երեխաներից, դրա համար ես ասացի, որ մայրերը կարևոր դեր ունեն: Երեխաների հետ սկզբնական վեճերը, մթնոլորտը, կարող է սաստել, հետո դա էլ կարող է պատճառ դառնալ անհարմարությունների, քանի որ ինչքան էլ իրենք են ցանկացել, բայց իրենց տարածք նոր մշակույթ է մտել: Ամեն դեպքում այս պահին մենք այդ խնդիրը չունենք»:
Հոգեբանն ասաց, որ այս օրերին հայ ընտանիքում որոշ փոփոխություններ են տեղի ունենում ու մանրամասնեց. «Հայ ընտանիքն ունի իր յուրահատուկ արժեհամակարգ, որը հենց հոգեբանության մեջ զուտ հայկական ընտանիքն է, որը չի համեմատվում որևէ մեկի հետ: Հայ ընտանիքի արմատներն ավելի ամրացան, ամրացավ ընտանիք պահելու, պահպանելու, ջերմության այդ միջավայրը»:
Կարդացեք նաև
Ըստ Աննա Բադալյանի՝ Արցախում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հենց պետության հիմքն է, նրա արած քայլը ոչնչի հետ համեմատելու չէ. «Այդ մարդն այնքան վեր դասեց հայրենիքը, որ ինքը կարողացավ մասսայական, ոչ միայն բոլորին շնորհակալություն հայտնել իրենց ցավակցելու համար, այլև հայրենիքի համար քայլ արեց: Եկանք նաև նրան, որ Արտակը դարձավ այսօրվա հայ իրականության մեջ այն գերիշխող կերպար, որն իսկապես ասաց՝ առողջ պետության հիմքը առողջ ընտանիքն է: Այսօր շատերը հիացած են, բայց այնպես չէ, որ պատերազմ է, բոլորը համախմբված են, դրա համար են այդպես: Ոչ, դա երկար կմնա հայի մեջ: Պետականության գաղափարը մտավ մեր ընտանիք, որ եթե մենք ուժեղ ենք, եթե ունենք ուժեղ պետականություն, ուրեմն մեր ընտանիքն էլ է ուժեղ:
Մինչդեռ ընդունենք, որ նախկինում մտածում էինք՝ կարևորը իմ տանն ամեն ինչ հանգիստ ու լավ լինի: Այս մտածողության հիմքերը հոգեբանն այստեղ է տեսնում. «Սա նրա արդյունքն է, քանի որ վաղվա ընտանիք կազմողը այսօր սահմանին կանգնած տղան է, ընտանիքի կանայք այսօր սահմանին կանգնած տղային հոգեբանորեն, բարոյական առումով նեցուկ լինող աղջիկներն են: Ձևավորվել են հին արմատներ, բայց նոր մոտեցում ու ավելի դինամիկ, ջերմ, ավելի հարազատ, հուզական ընտանիք, պետք է ավելի ամուր պահպանել այն, քանի որ դրա համար արյուն է թափել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ