Լոռու մարզի Կաթնառատ համայնքում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Այս պահին Ստեփանավանի հիվանդանոցում բուժում են ստանում 37 քաղաքացիներ՝ բոլորը աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ:
Հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեկի մայրը՝ Լուսինե Պողոսյանը, վստահ է՝ փոքրիկը թունավորվել է ջրից. «Որ բերեցինք հիվանդանոց, երեխան՝ գլխապտույտ, գլխացավ, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում ուներ: Երեխային բերել էինք, որպեսզի բուժում ստանա, բայց ես էլ եմ արդեն նույն վիճակում գտնվում: Ես փաստում եմ, որ ջրից է, որովհետեւ նույն ախտանիշով իմ երեխան արդեն երկրորդ անգամ է ընկնում հիվանդանոց»:
Առաջին հիվանդներին բժշկական կենտրոնում ընդունել են հոկտեմբերի 5-ին՝ միջին ծանրությամբ: Տուժածների մեծ մասը երեխաներ են, այնուհետեւ հիվանդանոց են տեղափոխվել նաեւ մեծահասակներ. «Հիմնականում հիվանդների վիճակը կայուն է, գտնվում են բավարար վիճակում, բուժումները ստանում են: Հավանաբար, մի քանի օրից նոր կկարողանանք դուրսգրումներ իրականացնել: Վերջին հիվանդին երեկ ենք ընդունել: Իսկ այս պահին հիվանդանոցն ամբողջությամբ զբաղեցված է, եւ մեր բժիշկները նոր եկող հիվանդներին ուղղորդում են դեպի Վանաձորի հիվանդանոց»,- ասում է Ստեփանավանի ԲԿ տնօրեն Մեսրոպ Հազրոյանը:
Բժշկի խոսքով՝ հիվանդության պատճառները դեռեւս հստակ չեն: Այս պահին իրականացվում են որոշակի հետազոտություններ. «Հիվանդները նշում են, որ 4 տարի առաջ եւս նման դեպք գրանցվել է, եւ որ նորից բավականին մեծ թվով մարդիկ են հիվանդացել: Եվ նշում են, որ այն ժամանակ էլ ջուրն է եղել պատճառը, բայց ես չեմ կարող ասել պատճառը ջուրն է, թե ոչ»,-հավելեց ԲԿ-ի տնօրենը:
Կարդացեք նաև
Երեկվանից հիվանդների հոսք է նկատվել նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում: Տնօրեն Նունե Էվինյանն ասում է, որ հետազոտությանը զուգահեռ հիվանդները արդեն իսկ ստանում են համապատասխան բուժումները. «Հիվանդանոց տեղափոխվածները՝ եւ՛ երեխաներ են, եւ՛ մեծահասակներ, հիվանդանոց են ընդունվել միջին ծանրությամբ: Աղիքային ինֆեկցիայի պատկեր է, բուժումը ստանում են, կյանքին սպառնացող վիճակներ չունենք: Հիվանդանոցը փորձ ունի, առաջին անգամը չէ, որ նման իրավիճակի ենք հանդիպել»:
Ահազանգը ստացվել է նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Մասնագետներն այցելել են, որ տեղում ուսումնասիրեն խնդրի պատճառը: Aravot.am-ը փորձեց կապ հաստատել տնօրեն Անժելա Հովհաննիսյանի հետ, որ տեսնենք, թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել եւ ո՞րն է եղել ինֆեկցիայի առաջացման պատճառը: Սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր դեպքերի թիվն արդեն հասել է 73-ի, որից 64-ը հոսպիտալացված են, իսկ մնացած 9-ը հիվանդները գտնվում են ամբուլատոր հսկողության տակ. «Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստեռներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման եւ ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ»,- գրված է հաղորդագրության մեջ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ