ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հետևանքով զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։
ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 8-ը մարտական գործողությունների արդյունքում զոհվել է մոտ 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։ Ավերվել են մեծ թվով շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ և այլ քաղաքացիական օբյեկտներ, դրանց մեծամասնությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Տագնապալի է նաև այն փաստը, որ վերջին օրերին մենք ականատես ենք լինում այն բանին, թե ինչպես են թիրախավորվում հակամարտության գոտու և դրան հարակից տարածքների բնակավայրերը։ Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում կատարել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության մասով ստանձնած միջազգային մարդասիրական իրավունքի պարտականությունները»,- ասված է ՄԱԿ Գերագույն հանձնակատար Միշել Բաչալետի հայտարարության մեջ։
Նա նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ խիստ մտահոգիչ է հակամարտության գոտում կասետային զինատեսակների օգտագործման փաստը։
Կարդացեք նաև
«Կասետային զինատեսակները լայն շառավղով փոքրիկ ռումբեր են նետում, որոնցից շատերը չեն պայթում, բայց հետո տարիներ շարունակ կարող են սպանել կամ վնաս հասցնել»,- ընդգծել է Բաչալետը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ