Արցախից եկած 100-ից ավելի ընտանիքներ իրենց ժամանակավոր տներն են գտել Տավուշի մարզում։
Ընտանիքներին հյուրընկալել են և՛ տեղացիները, և հյուրատներն ու հյուրանոցները։
Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի աշխատակից Անի Պապյանը մեր զրույցում մանրամասնեց, թե ինչ հերթականությամբ է համայնքապետարանն աշխատում Արցախից եկած ընտանիքներին օգնելու համար․ «Դիլիջանի համայնքապետարանն աշխատում է երեք մասով։
Նախ` տեղավորում ենք Արցախից եկած բնակիչներին, որից հետո աշխատակիցները այցելում են նրանց և կատարում են կարիքների գնահատում, ինչից հետո մենք մի խումբ կամավորների օգնությամբ հավաքագրում ենք անհրաժեշտ իրերն և տանում Արցախից եկած մեր հյուրերին»:
Կարդացեք նաև
Անիի խոսքով՝ օգնություն ցուցաբերող մարդկանց պակաս չի զգացվում, ավելի շատ կամավորներ են հարկավոր, որ այդ քանակի օգնությունը տեսակավորեն և հասցնեն մարդկանց։
Ըստ Պապյանի ընտանիքների մի մասը, որոնց հյուրընկալել են հյուրատներն ու հյուրանոցները, տաք սննդի կարիք չեն ունենում, իսկ տներում տեղավորված արցախցիներին ռեստորանների աջակցությամբ կարողանում են տաք սնունդ հասցնել․ «Օգնությունը գալիս է բոլոր տեղերից, մարդիկ Երևանից ու Վանաձորից էլ էին հագուստ ու անհրաժեշտ պարագաներ բերում։ Բազմաթիվ բարեգործներ կան, որոնք երեխաների համար ճաշկերույթներ ու մուլտհերոսների հետ խաղեր են կազմակերպում՝ երեխաներին մի փոքր ուրախացնելու և սթրեսային վիճակը թեթևացնելու համար»։
Պապյանի խոսքով այս պահին ավելի շատ ուշադրության կենտրոնում են երեխաները, ովքեր ունեն հատկապես հոգեբանական օգնության կարիք։
«Հույսի կամուրջ» ՀԿ -ի հոգեբանները ակտիվ աշխատանքներ են տանում երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցությունը ցուցաբերելու համար։
ՀԿ-ի սոցիալական մանկավարժ Ռայա Սահակյանի խոսքով՝ հոգեբանական աջակցության կարիք ունեն հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաները․ «Փոքրերի մոտ ավելի շատ առաջին օրերի սթրեսն էր, քանի որ նրանք ավելի քիչ են գիտակցում պատերազմն ինչ է։ Իսկ դեռահասներն ավելի լավ գիտեն ինչ է պատերազմն ու ավելի շատ բան են տեսել ու ավելի խորը հոգեբանական օգնության կարիք ունեն»։
Aravot.am -ի հետ զրույցում Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հավաստիացրեց՝ համայնքապետարանն ամեն ինչ անում է Արցախից եկած երեխաներին կրթական համակարգում ներգրավվելու համար․ «Մենք բոլոր երեխաներին հորդորել ենք գնալ դպրոց, նույնիսկ դպրոցների տնօրեններն են նշել, որ պատրաստ են բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներով և գրքերով։ Կան երեխաներ, որ արդեն ցանկություն ունեն դպրոց գնալու, սակայն կան ընտանիքներ, որ դեռ չեն ցանկանում իրենց երեխաները դպրոց ուղարկել։ Դիլիջանի քաղաքապետարանը նաև քաղաքային տրանսպորտ է տրամադրել, որը երեխաներին անվճար դպրոց կտանի»։
Դիլիջանում օր ու գիշեր կամավորական աշխատանքներ անողներից Անին, որը մասնագիտությամբ լրագրող է, նշեց, որ իր եղբայրն առաջնագծում է կռվում, ինքն էլ՝ թիկունքում․ «Եղբայրս կամավոր է գնացել առաջնագիծ, որպես վաշտի հրամանատար։ Ընկերներս, համակուրսեցիներս բոլորն առաջնագծում են, մենք էլ թիկունքում ենք մի ընտանիք դարձած ամեն ինչ անում մարդկանց օգնելու համար» ։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները` Ժոզեֆ Զաքարյանի