Գյումրու ավագանին այսօր քաղաքի բյուջեից 20 միլիոն դրամ նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այսպիսով միանալով «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն իր ելույթում այն բնութագրեց որպես սուրբ պարտք Սուրբ հայրենիքի նկատմամբ։
Նա ասաց, որ 20 միլիոնը կբաժանվի երկու մասի, 10 միլիոն դրամը պարտադիր պիտի փոխանցվի թշնամու կողմից ռմբակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերականգմանը։
Լենա Ջիլավյանը նշեց, որ Գյումրու գարեջրի գործարանը ևս 50 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ անկեղծացավ, որ ի սկզբանե որոշել էին 10 միլիոն դրամ նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բայց երբ լսեցին սրբավայրի ռմբակոծման մասին, անմիջապես գումար ճարեցին ու որոշեցին 10 միլիոն դրամ ևս ավելացնել։ Սամվել Բալասանյանն ասաց, որ կզանգահարեն Շուշիի քաղաքապետին, եթե նա ասաց, որ պիտի գումարը փոխանցվի Շուշիի քաղաքապետարանի հաշվին, կփոխանցեն այդ հաշվին։
«Էսպիսի պատերազմ երևի թե 21-րդ դարում չի եղել, առաջինն է», -ասաց քաղաքապետը։
Սամվել Բալասանյանը նաև նշեց, որ Գյումրիից մեծ թվով մարդիկ փոխանցումներ են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մեկ անգամ ևս հորդորեց միանալ դրամահավաքին, թեկուզև հազարական դրամ փոխանցել։
Գյումրու քաղաքապետի առաջարկով որոշվեց նաև Գյումրիում հյուրընկալված արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 20 հազարական դրամ հատկացնել, որ նրանք գնեն իրենց նախընտրած սննդամթերքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ