Այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը նախքան ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի օրակարգին անցնելը՝ ցավակցեց արցախյան երկրորդ պատերազմի բոլոր զոհերի հարազատներին ու տուժածներին. «Մենք ցավում ենք բոլոր նրանց հետ, որոնք կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտությունում: Կարեւոր է ապահովել, որպեսզի անհապաղ դադարեցվեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները եւ անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելուն: Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ»:
Ապա ՌԴ վարչապետը թվարկեց ԵԱՏՄ-ում առկա մարտահրավերները՝ մատնանշելով՝ կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական գլոբալ ճգնաժամը, Բելառուսի ներքաղաքական եւ Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակն ու այս օրերին Ղրղզստանում տիրող ներքաղաքական իրավիճակը. «Այս պայմաններում անհրաժեշտ է միասնական ուժերով գտնել ոչ պարզ մարտահրավերների լուծումը: Նույնիսկ հիմա փոխօգնության սկզբունքով մենք աջակցում ենք գործընկեր երկրներին հաղթահարել դժվարությունները»:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերը, այդ թվում եւ մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, միջսահմանային էլեկտրոնային առեւտրի կարգավորումը, ինչպես նաեւ միության ակտերի իրականացման ընթացքը: Ըստ հաղորդագրության, հատուկ ուշադրություն կհատկացվի միության անդամ երկրներում սանիտարահամաճարակային իրավիճակին եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր ծրագրի իրագործմանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ