Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանությունը թույլ չի տա Աֆղանստանից որևէ զինյալի տեղափոխում ղարաբաղյան ռազմաճակատ». Աֆղանստանի նախագահի խորհրդականի հետ Aravot.am-ի զրույցը

Հոկտեմբեր 09,2020 16:35

Aravot.am-ի զրուցակիցն է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադ Զայի գիտական և հասարակական գործերով գլխավոր խորհրդական, Քաբուլի և Նանգահարի համալսարանների պրոֆեսոր Լալփաչա Ազմունը։

-Հարգարժան պարոն Ազմուն, նախ կցանկանայի նշեք՝ պատմական և մշակութային խորը կապեր ունեցող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջեւ այսօրվա հարաբերութունների վերաբերյալ ձեր տեսլականը ո՞րն է։ Ի՞նչ հասարակական ու մշակութային ոլորտներում եք Դուք տեսնում հայ-աֆղանական ներկա համագործակցությունը։

-Շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք մեր բարեկամ Հայաստանի Հանրապետության հետ ցանկանում ենք ստեղծել գիտական և մշակութային համագործակցության վրա հիմնված խաղաղ և բարեկամական հարաբերություններ։ Ես նախ և առաջ որպես համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ՝ ցանկանում եմ, որ մեր պետությունների միջև հաստատվեն բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մշակութային, պատմական հիմքերի վրա՝ միտված լինելով բացառապես խաղաղությանը։ Բանն այն է, որ մեր համար չափազանց կարևոր է խաղաղությունը, մենք գիտենք դրա գինը, քանի որ Աֆղանստանում շատ պատերազմներ ենք տեսել, ինչի արդյունքում անչափ տուժել են մեր երկիրը, մշակույթը, մարդկանց հոգեբանությունը։

-Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ պատերազմ սկսեց Արցախի դեմ: Ո՞րն է Աֆղանստանի ուղերձն այս իրավիճակում հայ ժողովրդին:

-Մենք չենք ցանկանում, որ մեկ այլ պետություն ևս հայտնվի պատերազմի դժոխքում, որի միջոցով անցել և շարունակում ենք անցնել մենք։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Աֆղանստանի համար կարևորը խաղաղության պահպանումը և բարեկամ հայ ժողովրդի զավակների անվտանգ կենսագործունեության ապահովումն են։

Կուզենայի նաև նշել, որ Աֆղանստանի իշխանությունները չեն ցանկանում կրկնել անցյալի սխալները և թույլ չեն տա Աֆղանստանից որևէ զինյալի տեղափոխումը ղարաբաղյան ռազմաճակատ, ինչպես նաև՝ կարգելեն Թուրքիայի կողմից Ադրբեջան տարատեսակ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Աֆղանստանից։

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունն իսլամական պետությունների, այդ թվում՝ Իրանի, Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և մի շարք այլ պետությունների հետ ունի քաղաքական լավ հարաբերություններ, միևնույն ժամանակ՝ Աֆղանստանը նույնպես այն պետություններից է, որը 1990թ.-ին պաշտոնապես ճանաչել է ՀՀ անկախությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։

-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության եւ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները բոլոր ոլորտներում հնարավորինս զարգացում ապրեն։

-Աֆղանստանում գիտակցում են, որ Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող պետություն է, ինչը կարևոր նախապայման է և պետք է օգտագործվի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանն օժանդակելու համար։ Մենք ցանկություն ունենք ստեղծելու այնպիսի հարաբերություններ, որպեսզի երկու պետություններն էլ կարողանան օգտագործել միմյանց հնարավորությունները տարատեսակ ոլորտներում գործակցությունը զարգացնելու և խորացնելու համար։ Պետք է կարողանանք միմյանց ճիշտ ներկայացնել երկու ժողովուրդներին, ինչը հարաբերությունները խորացնելու համար կարևոր կետ է։ Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը հին, հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող երկիր է, իսկ Աֆղանստանն ունենալով ավանդական ազգաբնակչություն, որում կարևոր են պատմությունն ու դարերի խորքից եկող ավանդույթները, ըստ արժանվույնս է գնահատում այնպիսի երկրներին, ինչպիսիք Հայաստանն է։ Հավատացեք, որ աֆղանստանցիների մոտ կա անբացատրելի համակրանք դեպի Հայաստանն ու հայաստանցիները։ Հայաստանում՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում, փաշտու լեզուն դասավանդվում է որպես իրանական կարևոր լեզուներից մեկը։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի այս կարեւոր հեռանկարների փուլում աֆղանագիտությունը Հայաստանում դառնա կարևոր ակադեմիական ուղղություն և ինչպիսի՞ գործակցության կարելի է հաստատել երկու երկրների համալսարանների միջև։

-Նախ կուզենայի ԵՊՀ իրանագիտության ամբիոնին փոխանցել Աֆղանական պետության շնորհակալությունն այդ առթիվ։ Լեզուն շատ կարևոր գործոն է երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար։ Այն հանդիսանում է մշակութային դիվանագիտության կարևոր ցուցիչներից մեկը և կարող է մեր երկու պետությունների համար դառնալ հարաբերությունները մնացած բոլոր ոլորտներում եւս խորացնելու հիմք: Բանն այն է, որ Աֆղանստանը փորձում է այն պետությունների հետ, որոնք ուսումնասիրում են փաշտուն, որը մեր պետական լեզուներից մեկն է, հաստատել լավ հարաբերություններ, թեկուզ՝ ակադեմիական մակարդակում, այդ երկրի փաշտու ուսումնասիրող մասնագետներին հրավիրել Աֆղանստան, կատարել մասնագետների փոխանակում, որպեսզի սկսեն ավելի լավ ճանաչել Աֆղանստանը, մեր լեզուն, պատմությունը, գրականությունը, մշակույթն ու ժողովրդին ընդհանրապես։

Վերջին շրջանում ես մշտական կապի մեջ եմ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսների, հատկապես՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի հետ։ Ես իսկապես շատ ուրախացել եմ և զարմացել, որ փաշտուն որպես մի կարևոր լեզու՝ դասավանդվում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնում և ես կարողանում եմ ամբիոնի դասախոսների հետ զրուցել փաշտույով: Նրանք հրաշալի տիրապետում են մեր լեզվին։ Մենք կարող ենք այս հարցում օգտակար լինել՝ տրամադրելով ինչպես մասնագետներ, այնպես էլ համապատասխան գրականություն և այլ միջոցներ, որպեսզի փաշտու լեզուն և, ընդհանրապես, աֆղանագիտությունն ու մեր երկու երկրների մշակութային հարաբերությունները սկսեն զարգացում ապրել և նոր մակարդակի բարձրանալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031