Ռուսական կողմն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Թե ինչ է սպասվում այդ հանդիպմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ռազմական գործողությունները շարունակվում են: Այս հանդիպման օրակարգն ընդգրկում է 3 կետ՝ ռազմական գործողությունների դադարեցում եւ հումանիտար նպատակներով դիակների փոխանակում: Որեւիցե տեխնիկական դետալ քննարկված չի: Չի բացառվում, որ որեւիցե բան տեղի չունենա եւ ռազմական գործողությունները շարունակվեն ու չլինի հումանիտար դադար: Պետք է սպասենք հանդիպման արդյունքներին»:
Ռուբինյանը նշեց, որ ադրբեջանաթուրքատեռորիստական այս հարձակումից հետո աշխարհը պետք է սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է՝ կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը. «Ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հարթության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանում էապես փոխվել են եւ մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու հիմա եւ հետո: Արցախի միջազգային ճանաչումը պիտի դառնա թիվ մեկ հարցը օրակարգում»:
Հարցին՝ փորձը ցույց է տալիս, որ մենք միշտ Մոսկվայի կազմակերպած բանակցությունների շուրջ հետքայլ ենք արել, այսօր ի՞նչ տրամադրվածություն ունենք՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ մտնի դետալների մեջ, կասեմ, որ մենք ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանների շուրջ որեւէ հետքայլ չենք անելու մեր ժողովրդի, Արցախի ժողովրդի, ՀՀ-ի Արցախի հանրապետության կենսական շահերից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ