Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուլիստանի ամենափրկիչ եկեղեցին, երբ մեր շահումյանցիներից որոնք չէին հասցրել փախնել, 7 հոգու գլուխը կտրել, գցել էին խորանի վրա ու գմբեթը պայթեցրել էին, նույն ձեռագիրն է». Պարգեւ սրբազան

Հոկտեմբեր 09,2020 16:09

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց. «Մենք երբեք զինադադարը չենք խախտել ու պատերազմ չենք սկսել: Հերթական անգամ նենգաբար սկսեցին պատերազմ՝ լայնածավալ ու ահռելի զինանոցով: Եվ ոչ միայն Ադրբեջանը՝ Թուրքիան, Պակիստանը սատարում են: Եվ ոչ միայն ահաբեկիչներ են եկել Սիրիայից, տեսնելով որ շատ կորուստներ ունի, որպեսզի ազերի կորուստների թիվը շատ չերեւա՝ Աֆղանստանից է բերում վարձու ահաբեկիչներ: Հենց որ մարտի դաշտում մերոնք համառորեն դիմադրում են, նրանք սկսում են վրեժխնդիր լինել քաղաքներից եւ գյուղերից, ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, երեխաներին: Երեկ Ամենափրկիչ եկեղեցուն զարկեցին վերեւից…հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել»:

Պարգեւ սրբազանը նաեւ ասաց. «Մի նախագահ տեռորիստ Էրդողանը, որը տեռորիստներ է պատրաստում, ուղարկում է այս մի տեռորիստ նախագահի մոտ՝ Ալիեւի, վարձում են ու ուղարկում մարտադաշտ: Մեր դեմ շատ ուժեր են պայքարում, մենք ենք, մեր Աստված ու մեր բանակը: Վկայեմ ձեզ՝ մեր 18-20 տարեկան տղաները իրոք հերոսների հերոս են, շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հերոս տղաներ են դաստիարակել: Իրենց արածը մեծագույն հերոսություն է, ամենօրյա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են»:

Պարգեւ սրբազանն ասաց՝ մենք խաղաղ ժողովուրդ ենք ոչ մեկի մահը չենք ցանկանում, բայց մենք պաշտպանվելու իրավունք ունենք. «Սա մեր ճակատագիրն է, մեր փորձությունն է: Ամեն մարդու գնահատականն այն է, թե ինչպես է կարողանում հաղթահարել փորձությունը, դուրս գալիս իրավիճակից: Մենք հիմա մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ եւ մեր Աստծուն ու մենք դուրս ենք գալու այս փորձությունից: Մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք ու անսասան ոգի, ինչն ունեն մեր զինվորները: Համախմբվենք, ուս ուսի տանք ու կլուծենք մեր խնդիրները»:

Խոսելով Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վնասելու մասին՝ Պարգեւ սրբազանն ասաց, որ 90-ականներին էլ նրանք Գանձասարն են թիրախավորել, վնասել են Ամարասը. «Նույնիսկ Գյուլիստանի ամենափրկիչ եկեղեցին, երբ մեր շահումյանցիներից որոնք չէին հասցրել փախնել, 7 հոգու գլուխը կտրել, գցել էին խորանի վրա ու գմբեթը պայթեցրել էին: Նույն ձեռագիրն է, բարբարոսների, ահաբեկիչների ձեռագիր: Ահաբեկիչներն են հոգեւոր, մշակութային, կրոնական բոլոր կոթողները ավերում: Մենք մզկիթների ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ նորոգել ենք»:

Պարգեւ արքեպիսկոպոսը վստահ է, մենք մեր եկեղեցիները համազգային ուժերով վերականգնելու ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031