Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեև ռուսական կողմն առաջարկել է քննարկել հնարավոր հումանիտար զինադադարը, այդուհանդերձ, ադրբեջանական կողմը նորից ռմբակոծել է Ստեփանակերտը». Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 09,2020 15:39

«Թեև ռուսական կողմն առաջարկել է հանդիպել Մոսկվայում և քննարկել հնարավոր հումանիտար զինադադարը, այդուհանդերձ, ժամեր առաջ տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական կողմը ռմբակոծում է Ստեփանակերտը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Նա փաստեց՝ այս իրավիճակում ամբողջությամբ արտացոլվում է Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարության ոչ պատրաստակամությունը՝ գնալ անգամ մարդասիրական հրադադարի: Պատգամավորը նկատեց՝ այս պայմաններում տեսնում եք, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքում հակամարտությանը և ընդհանուր զարգացումներին:

Տաթևիկ Հայրապետյանը որպես կարևոր ձեռքբերում համարեց այն, որ արձանագրվեց՝ Թուրքիան ներգրավված է հակամարտության մեջ, ադրբեջանական կողմն է սկսել ագրեսիան, հստակ է, որ ներգրավված են ահաբեկիչներ, և դա վտանգում է ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:

Պատգամավորը նաև հիշեցրեց. «Երեկ Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը հստակ արձանագրեց այսպես կոչված անջատում հանուն փրկության թեզը: Այսինքն՝ միայն միջազգային ճանաչումը կարող է բերել անվտանգության ապահովման ԼՂ խաղաղ բնակչության համար: Այս ուղղությամբ նաև վարչապետի հայտարարությունները և կոչերը՝ ուղղված միջազգային ճանաչման կարևորությանը, կարծում եմ ևս շրջադարձային են ընդհանուր հակամարտության վերաբերյալ ընկալումները փոխելու տեսանկյունից»:

Տաթևիկ Հայրապետյանը նաև անդրադարձավ Ադրբեջանում տիրող տրամադրություններին ու ասաց. «Պետք է նշեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք Ադրբեջանում տարիներով պայքարում են մարդու իրավունքների, տարբեր արժեհամակարգերի համար, այսօր ամբողջությամբ շարունակում են ադրբեջանական ագրեսիան, հրճվանք են ապրում, երբ հարվածում են եկեղեցուն, խաղաղ բնակչությանը: Խոսքը միայն ռազմական գործողությունների մասին չէ, նաև քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու, եկեղեցու թիրախավորման մասին է: Սա ի ցույց է դնում և ակնհայտ դարձնում այն ատելության մթնոլորտը, որը տարիներով, տասնամյակներով սրսկվել է այդ հանրությանը և որն արտահայտվում է այս իրավիճակում»:

Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց՝ սոցցանցերում անհեթեթ ձևակերպումներ, պատերազմով անմարդկային հրճվանք կա, որը դժվար թե հանդիպենք այլ երկրներում. միայն Թուրքիայի նման երկրում կարող ենք հանդիպել, երբ պատերազմական գործողություններից մարդիկ ուղղակի հրճվանք են ապրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031