Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը»

Հոկտեմբեր 09,2020 15:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Նեղ կազմով նիստից հետո կայացել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում ասել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների անդամներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք սրտանց ողջունել ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում: Ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել մեր երկրում:

Ցավով պետք է նշեմ, որ Ղրղզստանի Հանրապետության վարչապետը, հայտնի պատճառներով, չկարողացավ ժամանել Հայաստան` մասնակցելու Խորհրդի նիստին։ Այդ պատճառով մեր այսօրվա հանդիպումն անցկացվում է աշխատանքային հանդիպման ձևաչափով: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:

Ինչպես նշեցի նեղ ձևաչափով նիստի ժամանակ, այսօր մեր երկիրն ու մեր ժողովուրդը դժվար ժամանակներ են ապրում: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերը՝ Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գործողություններ են իրականացնում՝ օգտագործելով նորագույն տեխնիկայի բոլոր տեսակները: Դրանք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ: Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական ագրեսիա հայ ժողովրդի դեմ: Մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ:

Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են հրթիռային և հրետանային անընդհատ կրակի տակ: Թիրախավորված է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ: Լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքին, ավերվել են բնակելի շենքեր: Առանձնապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մարդասիրական աղետի եզրին է:

Մեր ժողովրդի դեմ ռազմական գործողություններին մասնակցում է ոչ միայն ադրբեջանական բանակը, որն ուղղորդվում է թուրք ռազմական մասնագետների կողմից: Դրանում ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններ և զինյալներ Սիրիայից: Այս փաստը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև միջազգային ամենահեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներով: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջ վին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:

Չնայած բոլոր ջանքերին՝ մեր հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: Մեր ժողովուրդը միասնական է, քան երբևէ և լի է վճռականությամբ՝ պաշտպանելու իր ազատությունն ու անկախությունը:

Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրվա հայտարարություններին համապատասխան:

Ինչպես հասկանում եք, սա մեզ համար ճակատագրական թեմա է, և ես անպայմանորեն ցանկանում էի ձեզ հետ կիսվել այն դրամատիկ իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, որոնք հիմա տեղի են ունենում մեր անհանգիստ տարածաշրջանում:
Սիրելի բարեկամներ,

Ինչպես բազմիցս նշել ենք, Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությունը և մեր երկրների միջև ինտեգրացիայի խորացման ուղղությամբ աշխատանքը մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են: Մենք հետայսու ևս կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ Միության կողմից նախանշված նպատակներին հնարավորինս շուտ հասնելու համար՝ չնայած մեր երկրի առջև այսօր ծառացած բոլոր մարտահրավերներին:

Այսօրվա հանդիպման օրակարգի շրջանակում կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա:

Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական ծրագրի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, բավական նշանակալի փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթաց կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը:

Համավարակի պայմաններում մենք ընդգծում ենք ուղևորափոխադրումների խնդրի առումով ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա:

Այս համատեքստում մեծապես կարևորում ենք էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայնորեն ներդրումը կարող է ընդլայնել ընկերությունների վաճառքի հնարավորություններն ու ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: Մեր կողմից այժմ միջոցներ են ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը:

Եվ վերջինը: Ինչպես միշտ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական միության ակտիվության, մրցունակության և գիտարտադրական ներուժի բարձրացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Ելույթներով են հանդես եկել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները, առցանց եղանակով՝ նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետը։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն իր խոսքում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ծավալվող ռազմական գործողություններին՝ նշելով. «Առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել այս օրերին բոլոր զոհվածների և տուժածների հարազատներին և մտերիմներին։ Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում։ Եվ, իհարկե, կարևոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել սանիտարա-համաճարակային իրավիճակին և Միությունում ուղևորափոխադրումների վերսկսման հարցերին, ուղևորային հաղորդակցության անվտանգ վերականգնման ուղղությամբ անելիքներին։ Քննարկման առարկա են դարձել եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունը, Միության ներքին շուկայում 2018-2019 թթ. համար սահմանափակումների վերացումը, ԵԱՏՄ-ում ապրանքների անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման հիմնական ուղղությունները և արտահանման զարգացման համատեղ միջոցառումները։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031