Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ». Հայկական համագումարը դատապարտում է հայկական եկեղեցու հրթիռակոծումը

Հոկտեմբեր 09,2020 15:02

Ս.թ. հոկտեմբերի 8-ին Ամերիկայի հայկական համագումարը խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղում դարերի պատմություն ունեցող եկեղեցու հրթիռակոծումը և հորդորեց միջազգային հանրությանը գործողություններ ձեռնարկել կոտորածը դադարեցնելու և կյանքեր փրկելու համար:

«Ադրբեջանցիների և թուրքերի կողմից եկեղեցիների շարունակական ոչնչացումը ևս մեկ ապացույց է, որ բացի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, Միացյալ Նահանգները պետք է կիրառի Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի հստակ ձևակերպումը` դադարեցնի այս վարքագծի ֆինանսավորումը հարկատուների դոլարներով և պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ»,– ասացին Հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Այս հարձակումը հերքում է նրանց պնդումները կրոնական հանդուրժողականության մասին»:

Եթե մնում էին անորոշ հարցեր, թե հստակ ինչի շուրջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դրանք հստակեցվեցին այսօր առավոտյան, երբ Ադրբեջանը դիտավորյալ հարվածեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական տաճարին: Եկեղեցին, որը հստակ տեսանելի է բլրի գագաթին, պարզապես չէր կարող ռազմական թիրախի վրիպում լիներ:

Ադրբեջանը ամեն ոճով փորձում է Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարը վերածել կրոնական հակամարտության: Հայերը գիտեն ջիհադի իրական նշանակությունը: Նրանք փրկվեցին դրա վայրագություններից 1915թ.-ի ցեղասպանության ժամանակ՝ 1,5 միլիոն կյանքերի գնով: Նաև չէր կարող տաճարին հասցված հարվածը պատահական լինել: Երբ 2005թ.-ին Ադրբեջանական իշխանությունները հողին հավասարեցրեցին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը (գտնվում է Նախիջևանի ադրբեջանական էքսկլավում), որը հայտնի էր իր հազարավոր գեղարվեստորեն փորագրված խաչքարներով՝ ոչ մի տեղ ոչ մի գնդակոծություն կամ հրթիռակոծություն չէր ընթանում: Դա վանդալիզմի կանխամտածված գործողություն էր կրոնական օբյեկտների նկատմամբ՝ ռազմավարական նշանակություն չունեցող մի հեռավոր և մեկուսացված վայրում:

Շուշիի տաճարի հրթիռակոծումը պետք է դիտարկել նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոդելով` տասնամյակներ շարունակ որպես թանգարաններ հանրության համար բաց բյուզանդական հունական տաճարները վերածել իսլամական պաշտամունքի մզկիթների: Քրիստոնեական կառույցների սխալ գործածումն ու վնասումը դեռ շարունակական խնդիր են ամբողջ տարածաշրջանում:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, կրոնական առաջնորդներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ դատապարտել այս դաժան հարձակումը և օգնել դադարեցնել բռնությունները»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Հիմա ժամանակն է, որ բարի մարդիկ գործեն և օգնեն փրկել կյանքեր: Կապ հաստատեք ձեր կողմից ընտրված պաշտոնյաների հետ և տեղեկացրեք ձեր վրդովմունքի մասին»,– հավելեց Արդունին:

Ավելին, այլևս որևէ կասկած չկա, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան Սիրիայից և Լիբիայից ակտիվորեն տեղափոխում էր ջիհադիստների Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու համար: Կասկած չկա նաև ջիհադիստների դաժան պահվածքի մասին, որոնց Թուրքիան հովանավորում է՝ թե՛ Հյուսիսային Սիրիայում, թե՛ Լիբիայում, թե՛ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող այլ թեժ կետերում:

Անցյալ դարի ընթացքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական տաճարը մեկ անգամ չէ, որ վնասվել է: Կրկին ու կրկին, ադրբեջանցիները թիրախավորել են այս աղոթատեղին: Այս վերջին հրթիռակոծումը հաջորդում է քաղաքացիական բնակավայրերի՝ ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների անդադար ռմբակոծություններին ադրբեջանական ուժերի կողմից, որոնք փորձում են տեղական հայ բնակչությանը վտարել իրենց հայրենիքից:

12-օրյա դաժան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մեծ ու փոքր քաղաքների վրա հարվածային անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և կլաստերային ռումբեր կիրառած Ադրբեջանը միայն թեժացնում է հակամարտությունը և բարձրացնում է խաղադրույքները: Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Ադրբեջանը՝ վայելելով լիարժեք աջակցություն և խրախուսում Թուրքիայի կողմից, որը հանդիսանում է ռազմական տեխնիկայի՝ այդ թվում մարդասպան անօդաչու թռչող սարքերի իր առաջնային մատակարարներից մեկը, մեծացնում է ռիսկերը և ընդլայնում հակամարտության գոտին և բնույթը: Այլևս ոչ մի կասկած չի կարող լինել Ադրբեջանի և Թուրքիայի իրական մտադրությունների վերաբերյալ՝ գրել նոր էջեր հայ ժողովրդի վտարման և արտաքսման մասին իր պատմական հայրենիքի մեկ այլ հատվածից, որտեղ նրանք ստեղծեցին առաջին քրիստոնյա ազգն աշխարհում:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031