Aravot.am-ի հետ զրույցում ԻԿՈՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ երբ սկսվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, հոկտեմբերի 2-ին դիմել են միջազգային ԻԿՈՄՕՍ-ին` այն մտահոգությամբ, որ ռմբակոծության ենթարկվող Հայաստանի ու Արցախի տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով, իսկ դրանք միտումնավոր թիրախավորվում են: ԻԿՈՄՕՍ/Հայաստան-ը խնդրել է, որ միջազգային ԻԿՈՄՕՍ-ն իր բողոքի ձայնը բարձրացնի, նույն նպատակով դիմի նաեւ աշխարհի տարբեր երկրների ազգային կոմիտեներին: Ընդ որում՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան եւ Ադրբեջանը միացել են 1954թ Հաագայի կոնվենցիային, որը վերաբերվում է պատերազմական իրավիճակներում պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:
«Կոնվենցիան արգելում է այն տարածքներում, որտեղ կան մշակութային հուշարձաններ, ռմբակոծություններ իրականացնելը: Սակայն, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը՝ ադրբեջանական կողմը ռմբակոծության է ենթարկում հայկական հուշարձանները:
ԻԿՈՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՈՄՕՍ-ին խնդրել էր տարածել մեր հայտարարությունը, ի պատասխան մեզ խնդրել էին ուղարկել կոնկրետ փաստեր, քարտեզներ, հուշարձանների նկարներ, որպեսզի ավելի նյութական լինեն իրենց դիտարկումները եւ բացառվեն քաղաքական շահարկումները: Մենք անմիջապես ուղարկեցինք մի քարտեզ՝ նշելով Վարդենիսի ու Արցախի այն տարածքները, որտեղ հուշարձաններ կան: Նաեւ ուղարկեցինք մեր կազմակերպության անդամ Համլետ Պետրոսյանի կողմից Արցախի Տիգրանակերտի հարեւանությամբ գտնվող արժեքների ավերումների մասին նյութեր:
Դա շատ ազդեցիկ էր, իրենք զարմացել էին, որ այդքան հուշարձաններ կան Հայաստանի ու Արցախի նշված տարածքներում: Նաեւ մեր ուղարկած նյութերն ուղարկել էին «Կապույտ վահան» միջազգային կազմակերպությունը, որը հետեւում է եւ մշտադիտարկում է իրականացնում, թե ինչպես է պատերազմական իրավիճակներում գործում Հաագայի կոնվենցիան, եւ ինչպես են պաշտպանվում հուշարձանները:
Կարդացեք նաև
«Կապույտ Վահանը» հրապարակել է մեր ուղարկած նյութերը, իր բողոքն է արտահայտել: Դա մինչեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունն էր: ԻԿՕՄՕՍ-ը, որպես «Կապույտ վահան» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ, նպաստել է հայտարարության տարածմանը և լիովին աջակցում է դրան»,-նշեց պարոն Գյուրջյանը:
Նա հավելեց, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո, լրացուցիչ՝ միջազգային ԻԿՈՄՕՍ-ին ուղարկել են եկեղեցու հրթիռակոծության կադրերը: «Նշել ենք, որ դա ISIS-ի ձեռագիրն է, ինչպես ժամանակին վարվել են Պալմիրայում ու այլ վայրերում՝ ավերելով մեծ թվով հուշարձաններ: Սա արդյունք է այն բանի, որ միջազգային կազմակերպությունները հայտարարություններից բացի՝ գործնական ոչ մի քայլ չձեռնարկեցին, երբ ադրբեջանցիներն ավերեցին Ջուղայի հայկական խաչքարերը: Սա դրա արդյունքն է, երբ ընդամենը հայտարարություններ են արվում եւ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում, մինչդեռ իրենք էլ իրենց պատժամիջոցների մեխանիզմներն ունեն: Նյութերը տրամադրվել են ԱԳ նախարարությանը եւ մշակույթի նախարարությանը»,-հայտնեց Գագիկ Գյուրջյանը:
Հավելենք, որ ԻԿՕՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն է, որը մասնագիտական աշխատանք է իրականացնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ժառանգության պահպանության և հանրահռչակման բնագավառում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ