Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որոշ գործիչների եւ ուժերի խուճապ տարածելը պետք է կանխվի օրենքով». Գորգիսյանը հորդորում է թափանցիկ լինել, նախարարը՝ հակադարձում

Հոկտեմբեր 09,2020 12:45

«Ունենք համերաշխության փխրուն մթնոլորտ, եւ եկեք դա պահպանենք: Չբերենք նախագծեր, որոնք կարող են կասկած առաջացնել: Կարծում եմ՝ հանրությունից թաքցնելու ոչինչ չունենք»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով այսօր քննարկվող օրենսդրական փաթեթին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման եւ միջոցառումների չկատարման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթը, որը պատասխանատվություն է սահմանում այդ թվում կեղծ տեղեկատվության տարածման համար:

«Իհարկե, ապատեղեկատվություն, սուտ լուրեր տարածելը, պետության դեմ քայլերը պետք է պատժվեն, բայց եկեք քննադատության մակարդակն արգելելու որոշումներ չկայացնենք, որովհետեւ դա վատ տեղ է տանում»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Գորգիսյանը:

Նրա կարծիքով՝ այս օրինագիծը ժամանակավրեպ է, հանրությանը սխալ ուղերձ կհղենք սրանով. «Եկեք թափանցիկ աշխատելով առաջ գնանք եւ քննադատությունից չվախենանք: Առաջին արցախյան պատերազմը հաղթելուն մեզ որեւէ քննադատություն չի խանգարել»:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան վստահեցրեց, որ կառավարությունն ինչպես արտակարգ դրության, այնպես էլ ռազմական դրության ժամանակ թափանցիկ է եղել եւ ի տարբերություն հակառակորդի՝ մեր հանրությունից որեւէ տեղեկություն չի թաքցնում. «Այս օրինագծի նպատակն է՝ հանրային համերաշխության դեմ ոտնձգող որոշ գործիչների, ուժերի, անհատների կեղծ, խուճապ առաջացնող տեղեկությունների տարածումը, հակապետական գործունեությունը կանխարգելելը»:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ ստացվում է, որ քննադատելը հետեւանքներ է ունենալու այն դեպքում, երբ, օրինակ` պատգամավորը քննադատի քաղաքապետարանի աշխատանքը, որով չի ապահովվում թաքստոցների մասին հանրային իրազեկումը, կամ քննադատի զրահաբաճկոն չունենալու մասին որեւէ պաշտոնյայի հայտարարությունը:

Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ պատասխանատվություն է նախատեսում կոնկրետ արարքների համար. «Պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորի քննադատության վրա սա ազդեցություն չունի, իսկ քրեական պատասխանատվությունը հետեւանքի համար է: Ուստի խոսքն ազատ խոսքի սահմանափակման մասին չէ, այլ, օրինակ, սրա՝ զորքերը գալիս են, նահանջեք…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031