24-ամյա սիսիանցի պայմանագրային զինծառայող Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 27-ին առաջնագիծ մեկնելուց առաջ չգիտեր, որ մեկ օր հետո իր առաջնեկ որդին պիտի ծնվեր։ Բժիշկների հաշվարկով՝ դեռ մի քանի օր կար։ Հարազատներին հորդորեց շատ ուշադիր լինել կնոջ՝ Մարիամի հանդեպ ու կրտսեր եղբոր՝ 21-ամյա Հարությունի հետ գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու։
«Հակոբի հետ որոշել էինք անունը Գոռ դնենք, Գոռ՝ որ ուժեղ ու հպարտ լինի։ Անվան բացատրությունը այսպես էր»,–մեզ հետ զրույցում պատմեց 19-ամյա Մարիամ Զաքարյանը։
Բայց Սիսիանի ծննդատանը երբ լսվեց իր անդրանիկ որդու ճիչը, անմիջապես էլ գույժը եկավ։ Զոհվել է սիսիանցի ժամկետային զինծառայող 20-ամյա Տարոն Ֆիլիպոսյանը։
Մարիամի մտքով անմիջապես անցավ, որ նորածին տղային Տարոն պիտի կոչի։ «Ամուսնուս հետ խորհրդակցեցի, տան բոլոր հարազատներս դեմ չէին, որ Տարոն կոչենք։ Ես չեմ ճանաչում ավագ Տարոնին, ծննդատանը պատմեցին նրա մասին։ Երազանքներ ուներ, կիսատ մնաց։ Ասում են, որ քանդակագործ էր ուզում դառնալ, գուցե իմ Տարո՞նը հենց այդ մասնագիտությունը ընտրի»,–ասում է Մարիամը։ Մտածել է՝ գուցե ավագ Տարոնի մայրը իր Տարոնով սփոփվի, լույս աշխարհ եկած նոր Տարոնով հպարտանա, ինչպես իր քաջ Տարոնով ։
Կարդացեք նաև
«Ավագ Տարոնի եղբայրը, բարեկամները նվերներով եկան որդուս տեսակցության։ Հուզվեցինք նորից, բայց հուզմունքի հետ միասին պայքարի ոգին անպակաս էր»,–ասաց Մարիամը։
Ամուսինը՝ Հակոբը դեռ որդուն չի տեսել, չի գրկել։ Հեռախոսով է տեսել միայն մի պահ ու լացի ձայնն է լսել։ «Աստված տա՝ պատերազմը շուտ ավարտվի։ Հակոբն ու Հարութը, մյուս տղերքը ողջ առողջ տուն գան։ Համոզված եմ հաղթանակը մոտ է ու հաստատ հաղթելու ենք»,–ասաց Մարիամը՝ ներողություն խնդրելով, որ արդեն պիտի գնա։
Հեռախոսով 11 օրական Տարոնի լացն էր լսվում. քնից արթնացել ու սնվել էր ուզում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ