Սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման եւ միջոցառումների չկատարման համար վարչական եւ քրեական պատասխանատվություն կսահմանվի. ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխությունների մասին օրինագիծը: «Ռազմական դրության նորմերի օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից կարգավորված չեն մի շարք իրավահարաբերություններ: Օրինագիծը հստակեցնում է ռազմական դրության պայմանների, սահմանափակումների խախտման դեպքում պատասխանատվության նորմերի շրջանակը»,-հայտարարեց օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ փաթեթով վարչական պատասխանատվություն է սահմանվել ազատ տեղաշարժման իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներում տրանսպորտային միջոցը տրամադրելը հրաժարվելու, հավաքների, միջոցառումների արգելքը խախտելու համար. ավելի մեծ տույժ է նշանակվում՝ խախտումը կրկնելու համար:
Քրեական պատասխանատվությունն էլ, Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ, սահմանվում է ռազմական դրության ժամանակավոր սահմանափակումներն ու միջոցառումները խախտելու, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելու համար, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ:
Կարդացեք նաև
«Քրեական պատասխանատվություն կսահմանվի նաեւ կասեցված գործունեությունը շարունակելու եւ տեղեկությունների տարածման ու հրապարակման կանոնները խախտելու համար, եթե այդ արարքները վնասել են պետության անվտանգության շահերին»,-նշեց նախարարը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց՝ պատերազմի օրերին ժողովուրդն ավելի քան միասնական է, արդյոք տեղի՞ն է հիմա նման օրինագիծ բերելը: Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Սա միտված է ձեր շեշտած միասնության ոգին պահպանելուն: Եթե հայտնվում են առանձին անհատներ եւ տարածում այնպիսի տեղեկություններ, կատարում այնպիսի գործողություններ, որոնք վտանգում են զինվորների կյանքն ու անվտանգությունը, պետությունը միջոցներ պետք է ունենա՝ նման դեպքերը կանխարգելելու համար»:
Խաչատրյանը պնդեց՝ կոչերն ավելի արդյունավետ կլինեն, քան նման խստացումները: Բադասյանը չհամաձայնեց. «Կեղծ տեղեկություն տարածելը կխաթարի բնակավայրի կամ զինվորի անվտանգությունը: Դրա համար ռազմական դրության ժամանակ կարգապահության պահպանումը ճիշտ է: Թշնամին քնած չի, բոլորդ եք տեսնում, թե սոցցանցերում ինչպիսի խուճապային…: Չպետք է թողնենք, որ որոշ անհատներ խաթարեն միասնականության ոգին»:
Ռուստամ Բադասյանն այնուհետեւ կոնկրետ օրինակ բերեց՝ սոցցանցերում որեւէ հրամանատարի կամ գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին հնչում է քննադատություն կամ նրանց խոսքերը սխալ տեղեկություններով են մեկնաբանվում, ինչը կարող է առաջացնել բնակավայրի ռմբակոծում կամ բնակավայրի տարհանում, որը վտանգում է քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին շեշտեց. «Այս ամենը կարող է ավելի շատ անվստահություն ներշնչել: Եթե որեւէ մեկը սուտ է ասում, սուտը շատ արագ է երեւալու: Բայց երբ պաշտոնական տեղեկատվությունը եղավ սուտ…դրա համար ստից խուսափելու համար անդադար պետք է ճիշտն ասել: Իմ մտավախությունն այն է, որ պաշտոնական տեղեկատվության հետ կապված խնդիրներ կլինեն: Բոլորս աչքերս փակ հավատում ենք պաշտոնականին, բայց այս օրինագծով այն կասկածի տակ է դրվում»:
Ռուստամ Բադասյանը հակադարձեց. «Սա դրա մասին չէ, եւ կառավարությունը չի պատրաստվում իր գործելաոճը փոխել: Բոլորդ գիտեք, որ սոցցանցերում կեղծ տեղեկություններ կան, ակնհայտ սադրիչ տեղեկություններ, որոնք հերքվել են: Մինչեւ հերքվելը լայնորեն տարածվել են: Չի բացառվում, որ այդ տեղեկությունների տարածմամբ թշնամական երկիրն է զբաղվում, ի՞նչ անենք՝ պատասխանատվության միջոցներ չունենա՞նք: Պաշտոնական լրահոսից օգտվելու բազմաթիվ հորդորներից հետո նման տեղեկությունները, միեւնույնն է, տարածվում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ