ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ու քաղաքներից Վաշինգթոն ժամանած բյուրավոր մեր հայրենակիցներ Սպիտակ տան առջեւ բողոքի ցույց անցկացրին՝ իրենց անվերապահ աջակցությունը հայտնելով Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմում Արցախի եւ Հայաստանի պայքարին, պահանջելով ԱՄՆ-ից դադարեցնել օգնությունը Թուրքիային եւ Ադրբեջանին:
Ելույթ ունեցած քաղաքական, հասարակական ճանաչված գործիչներ, հոգեւորականներ, մշակույթի ներկայացուցիչներ միաբերան նշեցին, որ այս բողոքի ցույցի նպատակն է՝ տեր կանգնել հայ ժողովրդի պահանջներին եւ բնավ չընկրկել մինչեւ ամբողջական իրավունքների ձեռքբերումը:
Հանրահավաքի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Արցախի հերոսական ժողովրդին, պաշտպանության բանակին, հայ զինվորին, որոնք մարտնչում են հանուն իրենց պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի: Նրանք դատապարտեցին թուրք-ադրբեջանական դաշինքը, որը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ:
Ցույցի մասնակիցները նաեւ աղոթեցին հանուն Արցախի Հանրապետության վերջնական հաղթանակի, իրենց խոնարհումը բերեցին պատերազմի դաշտում հանուն ազատության հերոսաբար նահատակված հայրենիքի պաշտպաններին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից