Ադրբեջանի ղեկավարությունը, սեպտեմբերի 27-ին մեր դեմ պատերազմ սկսելով, հույս ուներ, որ կկարողանա Արցախը նվաճել մեկ-երկու օրում: Դա տեղի չունեցավ: Հետո՝ հոկտեմբերի 3-ին եւս մի հուսահատ փորձ արեց ներխուժելու ու դարձյալ ձախողվեց: Հիմա, կարծես թե, որոշել է մեզ հյուծել պատերազմով: Եվ դա նույնպես սին հույս է՝ երկուսուկես հազար տարում չենք հյուծվել, ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթում, կամ թեկուզ երկու ամսում: Եթե մարդն ունի «ինչի համար» հարցի պատասխանը, նա կարող է դիմանալ ցանկացած «ինչպես»-ի: Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերն են:
1946 թվականին Արեւմուտքը պատերազմ էր հայտարարել Խորհրդային Միությանը: Պատերազմը կոչվում էր «սառը», որովհետեւ կողմերն անմիջականորեն իրար դեմ զենք չէին կիրառում, թեեւ մշտապես սպառնում էին: Բայց հիմնական «մարտադաշտը», կարծում եմ, մարդկանց ուղեղներն էին: 45 տարի տեւող այդ պատերազմում Սովետը պարտություն կրեց. իհարկե, դրա բացատրություններից մեկն այն է, որ տնտեսության կազմակերպման «խորհրդային մեթոդը» խիստ անարդյունավետ էր եւ անտրամաբանական: Դա, իմ կարծիքով, ճիշտ է, բայց ավելի շուտ հետեւանք է, քան պատճառ: Իսկ խորքային պատճառն այն էր, որ չկար խորհրդային ազգ եւ չկար խորհրդային կրոն: «Խորհրդային մարդ» կոչվող «նոր պատմական ընդհանրության» գաղափարը կեղծ էր՝ այն չէր ձեւավորվել, եւ մենք մնացել էինք հայեր եւ ադրբեջանցիներ, ռուսներ եւ էստոնացիներ: Սրբերի մասունքները չէին կարող փոխարինվել դամբարանում Լենինի մասունքներով, ընտանեկան կապերի ամրությունը չէր խարխլվել Պավլիկ Մորոզովի մասին առասպելով: Ահա թե ինչու այդ հզոր պետությունը կործանվեց:
Իսկ հայկական պետությունը կանգուն է, որովհետեւ հիմնված է իրականում գոյություն ունեցող արժեքների՝ Ազգի, Հավատի եւ Ընտանիքի վրա: Դրանք ավելի ուժեղ են, քան ցանկացած ամենաժամանակակից զենքի արկերը: Ոտնձգությունները Արցախի նկատմամբ մենք դիտարկում ենք որպես ոտնձգություն այդ արժեքների եւ, հետեւաբար, մեր գոյության հանդեպ: Այդ է պատճառը, որ մենք պատրաստ ենք դիմանալ ցանկացած «ինչպես»-ի: Եվ ասելով «մենք», ես նկատի ունեմ ոչ թե 3 միլիոն, այլ 10 միլիոն մարդու: Այդքան մարդ է կանգնած Արցախի թիկունքին:
…Իսկ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին անպայման արագ կվերականգնվի, եւ շատ մոտ ապագայում Պարգեւ սրբազանն այնտեղ Սուրբ պատարագ կմատուցի: Դրանում ոչ մի կասկած չունեմ:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
« Իսկ հայկական պետությունը կանգուն է, որովհետեւ հիմնված է իրականում գոյություն ունեցող արժեքների՝ Ազգի, Հավատի եւ Ընտանիքի վրա: »
…………………………………………………………..
Երանի թէ, պարբերաբար, անհրաժեշտ չլինէին այսքան կրակ, արիւն եւ ցաւ՝ որպէսզի համայն Հայութիւնը անդրադառնայ ու գիտակցի վերոյիշեալ հաստատումին: Ամէն անգամ, որոշ պահ մը միայն: Մինչեւ յաջորդ անգամը…