Լրահոս
Օրվա լրահոսը

Չունենք փաստեր, որ եկեղեցուն անթույլատրելի հեռավորություն վրա տեղակայված են եղել ռազմական օբյեկտներ. Սիրանուշ Սահակյանը՝ Ղազանչեցոցի հրթիռակոծման մասին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 09,2020 08:20

Մշակութային արժեքները, որոնց մեջ ներառված են նաեւ կրոնական կոթողները, գտնվում են միջազգային սովորութային իրավունքի, ինչպես նաեւ՝ «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի պաշտպանության ներքո։ Թե՛ սովորութային, թե՛ կոնվենցիոն նորմերը արգելում են հակամարտության կողմերին թիրախավորել մշակութային ժառանգությունը, եւ պարտավորեցնում կանխել դրանց հասցվող վնասները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այդ նորմերով սահմանված սկզբունքները խախտելը, բացառությամբ երկու նախապայմանի, պատերազմական հանցագործություն է։

-Տիկի՛ն Սահակյան, կրոնական եւ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները միջազգային ո՞ր կոնվենցիայով, ինչպե՞ս են պաշտպանվում զինված ընդհարումների ժամանակ։

-Մշակութային արժեքները, որոնց մեջ ներառված են նաեւ կրոնական կոթողները, գտնվում են միջազգային սովորութային իրավունքի, ինչպես նաեւ՝ «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի պաշտպանության ներքո, եւ հետաքրքրական է, որ Կոնվենցիան, ինչպես նաեւ՝ դրա առաջին արձանագրությունը, վավերացրել են թե ՀՀ-ն, թե Ադրբեջանը։ Այսինքն՝ անկախ սովորութային իրավական նորմերից՝ կոնվենցիոն նորմերի մակարդակում եւս հանձնառություն կա հարգել մշակութային արժեքները։ Զինված ընդհարման ժամանակ այդ կոթողները առանձնացվում են հատուկ պարբերանշանով, սակայն եթե նույնիսկ դա չի արվում, սովորութային իրավունքների տեսանկյունից դրանք արդեն իսկ գտնվում են պաշտպանության ներքո, պարզապես Հաագայի կոնվենցիան առավել ուժեղացված պաշտպանություն է տալիս դրանց։ Եւ եթե կողմերը խախտում են այս նորմերը, ապա մենք գործ ունենք պատերազմական հանցագործության հետ։

Այս կանոնն ունի երկու բացառություն․ երբ ռազմականացվում է մշակութային հուշարձանը՝ օգտագործվելով բացառապես զինվորական, ռազմական նպատակներով, եւ երբ հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու այլընտրանքային միջոց գոյություն չունի։ Սրանք համաժամանակյա պայմաններ են․ հակադրության համար նշեմ, որ եթե քաղաքացիական օբյեկտներն են ռազմականացվում, դրանք անմիջապես կորցնում են իրենց պաշտպանությունը, իսկ այս դեպքում կա երկրորդ չափանիշը․ մշակութային հուշարձանները պետք է ոչ միայն ռազմականացված լինեն, այլ պետք է հակառակորդի նկատմամբ ռազմական առավելություն ձեռքբերելու բացառիկ, ծայրահեղ միջոցը լինեն։

-Ձեր նշած երկու նախապայմաններն էլ տվյալ դեպքում չեն եղել։

-Օբյեկտիվ իրականության մեջ չկա փաստ, որ Արցախի իշխանությունները փոխել են եկեղեցու նպատակայնությունը եւ այն սկսել որպես վահան օգտագործել ռազմական օբյեկտները կամ զինվորականներին պաշտպանելու նպատակով։ Եկեղեցին օգտագործվել է բացառապես իր նպատակին համապատասխան․ այն կարեւոր մշակութային եւ կրոնական սիմվոլ է, որը առանցքային տեղ ունի Արցախի ժողովրդի կյանքում։ Չունենք նաեւ փաստեր, որ եկեղեցուն անթույլատրելի հեռավորություն վրա տեղակայված են եղել ռազմական օբյեկտներ։ Այս տվյալների բացակայության պայմաններում կրկնակի հարված հասցնելը վկայում է թիրախավորված հարձակման մասին․ սխալ կոորդինատների պարագայում հնարավոր է մեկ անգամ սխալմամբ հարված հասցնել, ինչը եւս հիմնավորելի պիտի լինի, բայց երկրորդ անգամ թիրախավորելը արդեն հստակ միտում ունի։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031