Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պապան է պոստերից զանգում»

Հոկտեմբեր 09,2020 00:11

«Պապան է պոստերից զանգում»։ Կարճ զանգ, ուրախությունն ու արցունքները խառնվում են։
Արմինեն երեք օր է՝ լուր չուներ առաջնագծում կռվող ամուսնուց։ Ներկա էինք, երբ վերջապես զանգեց, կնոջը սիրտ տվեց, մի քիչ թեթեւացավ, բայց անհանգստությունը չանցավ։

«Հի՞նչ կա։ Պան չկա։ Տելեվիզար ենք յեշում, մի պանն էլ ա ասոմ չին»,-ամուսիններն են մի երկու բառ փոխանակում։

«Զանգում, ասում ա՝ լավ եմ, էրեխեքին լավ նայի, մի ընկճվի, նենց արա՝ երեխեքը չիմանան, որ պատերազմ է, քեզ լավ պահի, սպասում ենք, լավ կլինի։ Ասում եմ՝ ո՞նց ես, ասում է՝ էսօր էլ եմ սաղ, վաղն էլ եմ սաղ, որ մեռնեմ հերոս մարդ ես ունենալու։ Ասում եմ՝ ինձ հերոս մարդ չի պետք, ինձ դո՛ւ ես պետք»,-ամուսնու հետ հեռախոսային զանգն է մանրամասնում Արմինեն։

Գոռը՝ Արմինեի որդին, հոր հետ չկարողացավ հեռախոսով խոսել, հուզվեց, ու հեռախոսը վերադարձրեց մորը։

Արմինե Պիլիյանը երկու անչափահաս երեխաների հետ Արցախից է տեղափոխվել Սյունքի մարզի Տեղ գյուղ։ Մեխակավանում, երբ սկսվել է ադրբեջանա-թուրքական հրետակոծությունը, կարծել է՝ երկրաշարժ է․ «Առավոտյան ժամը յոթին են կրակել, տունը դղրդաց։ Ասացի էրեխեք, երկրաշարժ է, վեր կացեք։ Պատուհանից նայեցի, ասացին՝ Արմինե, ի՞նչ ես գլուխդ կախ գցել, կռիվը սկսվել ա։ Արագ դուրս եկանք»։ Ժպտալով ասում է՝ մազերս էլ չսանրեցի, լվացքս լվացքի մեքենայի մեջ մնաց, մինչեւ հիմա մեջն է։

«Դուրս եկանք, բոլորը վազում էին, մի աղջիկ իմացել էր, որ սիրածը զոհվել է, էն ոնց էր լացում, իջանք «պադվալ», մութ, ցուրտ, երեխեքը մրսում էին, լացում։ Դե լայնածավալ պատերազմ սկսվեց, բոլորը կանանց ու երեխաներին հանում էին, տեղափոխում։ Ես երեւի վերջին մարդն էի էդ «պադվալում», զանգեցի ամուսնուս եղբորը, խնդրեցի գա մեզ էլ տանի»։

Հետո բոլորին տեղափոխել են ազգականի տուն, որտեղ հիմա երեք մեծ ընտանիքներով են ապրում։ Ամեն օր սպասում են, որ պիտի վերադառնան իրենց Մեխակավան։ Արմինեն հրաժարվում է Երեւանում հյուրընկալվելուց․ «Երեւան բան չկա, ես հետ եմ գնալու, ես չեմ վախենում, մենք գնալու ենք հետ»։

Խոսակցությանը միջամտում է Արմինեի ամուսնու եղբոր որդին՝ Վլադիմիրը, շատ ժիրն է, սկսեց պատմել պապիկի մասին․«Պապին հենա գյուղում հորթերի կողքին ու շան հետ։ Իմ պապան էլ, ուրյան պապան էլ (հորեղբոր տղային է ցույց տալիս) առաջնագծում են»։

Վլադիմիրի մայրն էլ՝ Թամարան, չէր ուզում գյուղից դուրս գալ, հղի է, ու այդ վիճակում էլ հրաժարվում էր լքել գյուղն ու ամուսնուն։ Հադրութի շրջանի Խծաբերդից են եկել Տեղ գյուղ։ Խծաբերդում «խախանդ» էր, բայց ապահովության համար են փոքրիկներին ու կանանց գյուղից տեղափոխել։ Վլադիմիրը հիմա էլ մոր խոսակցությանն է միջամտում, պատմում է, թե որքան մեքենա է իրենց գյուղով անցել, երեխաներին էին տեղափոխում։

Ասում է՝ սկզբում իրենց գյուղ շատ մարդիկ էին տեղափոխվել, ինքն ու եղբայրն էլ նրանց ջուր էին բաժանում։ Կռվից էլ, ցավոք, շատ բան գիտի, ասում է՝ «բեզպիլոտնիկ» էլ է տեսել։ Ընդամենը 9 տարեկան է, բայց ոնց էր ուզում գնալ ռազմաճակատ։

«Կռիվը, որ պըրծընե, քիննանանք մեր գյուղը»,-ասում է Վլադիմիրը։ Վստահ է ասում։ Դե որ ասում է՝ երեւի մի բան գիտի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031