Հարցազրույց արցախցի հրապարակագիր, լրագրող Վարդգես Օվյանի հետ
– «Սիրելի ընկերներ, էլեկտրականության եւ կապի ընդհատումների եւ պարբերաբար հրթիռահրետակոծության պատճառով չեմ կարողանում համացանց մտնել։ Խնդրում եմ ինձ համար չանհանգստանաք»: Հիմա երբ կապ կա, Վարդգես, հարցնեմ՝ դու դեռ Ստեփանակերտո՞ւմ ես, ուր թշնամին պարբերաբար հարվածում է գերժամանակակից զինատեսակներից, հրետակոծում: Ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը Ստեփանակերտում, քո՝ ականատես բնակչի աչքերով:
– Առաջին օրերին թշնամին Ստեփանակերտին հարվածում էր անօդաչու թռչող սարքերից։ Կարծես ամեն մի ռազմագործողությունից հետո սպասում էր աշխարհի, իսկ մեր քաղաքական այրերի եւ լրատվամիջոցների լեզվով ասած՝ միջազգային հանրության արձագանքին։ Բոլորդ արդեն գիտեք, թե աշխարհի հզորներն ինչպես են արձագանքում, երբ կողմերից մեկը, այսպես ասած, իրենց երես առած ու ցինիկ հովանավորյալն է, որի համար չկա սրբություն եւ ստորությունը, լկտիությունը, ամբիցիաները սահմաններ չունեն։
Պատերազմը դադարեցնելու մասին կողմերին ուղղված ընդհանուր կոչերն ու հայտարարություններն ավելի են ոգեւորում գիշատիչ թշնամուն։ Այսինքն՝ մեղավորին ու անմեղին, հրեշին եւ հրեշի դեմ պայքարողին, երբ դնում են նույն հարթության վրա, դա նշանակում է աչք փակել ագրեսորի, հրեշի ստորությունների, հանցագործությունների վրա։
Կարդացեք նաև
Դա պարզ երեւում էր Ադրբեջանի կողմից հատկապես Ստեփանակերտի եւ արցախյան մյուս քաղաքների ու բնակավայրերի վրա գործած հարվածներից։ Օր օրի նա ավելի հզոր զինատեսակներից էր հրետակոծում խաղաղ բնակավայրերը, աստիճանաբար կիրառելով արգելված զինատեսակներ։
– Ինչպե՞ս է դիմակայում ձեր ընտանիքը, մասնավորապես, արցախցի հայտնի գրող Վազգեն Օվյանի կինը, մայրդ:
– Առաջին օրերին մենք ընտանիքով այնքան էլ հաճախ չէինք իջնում նկուղ-ապաստարան։ Անգամ, երբ օդային տագնապ էին հայտարարում։ Իսկ իջնելուց հետո երբ Ստեփանակերտի վրա հարվածները դադարում էին, բարձրանում էինք տուն, հատկապես, երբ երեխաներին արդեն ուղարկել էինք Երեւան։ Գիշերները համեմատաբար հանգիստ էին առաջին օրերին։ Մենք միշտ գիշերում էինք տանը։
Բայց, ինչպես վերեւում ասացի, թշնամին աստիճանաբար ավելի ու ավելի ուժեղ էր հրթիռակոծում, հրետակոծում Ստեփանակերտը։ Շատերն արդեն իրենց երեխաներին ու կանանց ուղարկել էին Երեւան եւ Հայաստանի այլ բնակավայրեր։ Դա մարդկանց ավելի հանգիստ էր դարձրել՝ իրենց երեխաներն անվտանգ ու ապահով են։ Ստեփանակերտի փողոցներում հաճախ կարելի էր նկատել մարդկանց։ Բայց երբ մայրաքաղաքի վրա առաջին հրեշավոր հարվածը հասցրին, երբ արդեն թշնամու թիրախ կարող էր դառնալ յուրաքանչյուր բնակելի շենք, արդեն մտահոգություն նկատեցի հազիվ շարժվող ծեր մայրիկիս դեմքին։ Նրան նկուղ իջեցնելու ընթացքում թշնամին կարող էր առնվազն երկու տասնյակ հրթիռ ու արկ արձակել։ Հրետակոծությունից հետո ավելի մեծ դժվարությամբ նրան կրկին բարձրացնում էինք նախավերջին հարկի մեր բնակարան։
Երեխաներին եւ կանանց Երեւան ուղարկելուց հետո արցախցիները սկսեցին մտահոգվել իրենց ծեր եւ անօգնական ծնողների ճակատագրով։ Վերջիններս եթե սկզբում ոչ մի գնով չէին ցանկանում մեկնել, ապա արդեն սկսեցին համոզվել, որ մի տեսակ ավելացնում են իրենց հարազատների հոգսերը, որովհետեւ իրենք մեծամասամբ դժվար են շարժվում եւ վտանգում են ոչ միայն իրենց, այլեւ մերձավորների կյանքը։
Ես էլ սկսեցի մտածել ծեր մայրիկիս՝ Հայաստան ուղարկելու մասին։ Ես ու կինս երկար ժամանակ չէինք կարողանում համոզել նրան։ Ասում էր՝ կամ միասին ենք գնում, կամ ես չեմ մեկնում։ Նրան բացատրում եմ, որ ես չեմ կարող, այստեղ իմ գրառումներով ու ինչ-որ ձեւով պայքարում եմ տեղեկատվական դաշտում։
Ի վերջո, կարողացանք համոզել նրան։ Երեւան մեկնող ավտոմեքենաներից մեկով նրան ճանապարհեցինք Երեւան։ Կողքին նստած էր 10 տարի առաջ արցախցու հետ ամուսնացած Մարգո անունով հայաստանցի մի կին։ «Մի մտահոգվեք, ցանկացած հարցում օգնելու եմ մայրիկին, հաշվեք ձեր հարազատի հետ է»,-ասաց նա:
Թշնամուն հաղթելու համար բոլորս պիտի իրար թիկունք լինենք։
Այո, եւ Մարգոն եզակի չէ։ Ողջ Հայաստանն է կանգնած արցախցու կողքին։ Հատկապես շարքային քաղաքացիները։ Թուրքի կռիվը կոնկրետ արցախցու դեմ չէ, այլ ողջ հայ ժողովրդի։ Եվ նրա դեմ ելել են հայ զինվորն ու կամավորականը, հայ քաղաքացին։
Բայց չեմ կարող չներկայացնել նաեւ հակառակ փաստ։ Հայաստան մեկնած արցախցիներն այնտեղից հեռախոսով պատմում էին հայաստանցիների հյուրընկալության մասին, թե ինչպես են իրենց անվճար տեղավորել մասնավոր հյուրանոցներում ու հյուրատներում, որքան հոգատար են իրենց նկատմամբ։ Այդ մասին իր ծանոթ-բարեկամներից լսել էր նաեւ արցախցի մի քաղքենի։ Կանանց եւ երեխաներին Ստեփանակերտից Երեւան տեղափոխել եւ տեղավորելու հարցերով զբաղվող Հովոյին նա հայտնել էր, որ Հայաստանում բնակվելու տեղ չունի, ազգական չունի։ Երբ արդեն Երեւան էին հասնում, ավտովարորդն ասաց, որ մոտերքում հյուրատուն կա, իրեն կարող են այնտեղ տեղավորել։ Վերջինս հրաժարվել է՝ չէ, Երեւանում ինձ դիմավորելու են։ Իսկ երբ արդեն հասել են Երեւան, ավտովարորդին հարցրել է՝ բա ինչո՞ւ չեն գալիս, որ ինձ տանեն մի լավ հյուրանոց։ Վարորդն ու արցախցի մյուս ուղեւորները մնացել են ապշած եւ զայրացած հարցրել են՝ կարո՞ղ է հինգ աստղանի հյուրանոցներում ես անցկացրել կյանքդ…
– Բացառիկ օրինակներ են, ինչը արցախցիների հերոսական նկարագիրը գիտես չի փոխի:
– Ես այս միջադեպի մասին պատմեցի, որպեսզի արցախցու մասին պատկերացում չկազմեն այդպիսի տհաճ ցուցանմուշների վարմունքից։ Քաղքենին, երախտամոռն ու խոտանը քաղքենի, երախտամոռ եւ խոտան է՝ անկախ ծննդավայրից։ Իրական արցախցին իր հողը պաշտպանող, հյուրասեր, ազնիվ ու շիտակ, իր խոսքի տեր շարքային շինականն ու քաղաքացին է, որ հայաստանցի իր արյունակցի հետ գոյության կռիվ է մղում դարավոր ոսոխի դեմ։
Զրուցեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2020