Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ուզում են ոչնչացնել, որովհետեւ մենք հայ ենք…

Հոկտեմբեր 09,2020 12:00

«Ամեն ոք, ով թեկուզ մեկ անգամ նայել է մարտի դաշտում մեռնող զինվորի ապակիացող աչքերին, մինչ պատերազմ սկսելը, նախ պետք է լավ մտածի». Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկ

20-րդ դարի ֆրանսիացի` համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ռոմեն Ռոլլանը ասել է. «Պատերազմին, որպես ծայրահեղ միջոցի, ձգտում են միայն սնանկ պետությունները: Պատերազմը պարտվող եւ հուսահատ խաղացող խաբեբաների ու խարդախների վերջին հաղթաթուղթն է»:

Պատերազմը Ադրբեջանի ղեկավարության՝ երկրում կուտակված հիմնախնդիրները լուծելուց խույս տալու, իշխանությունը երկարաձգելու եւ զենքի վրա մսխված միլիարդավոր դոլարների ծախսն արդարացնելու միջոց է պարզապես եւ  առաջին հերթին կործանարար կարող է լինել հենց իրենց համար: Ալիեւն ու Էրդողանը իրենց հաշիվներում սխալվեցին եւ համոզված եմ, որ պատերազմում կրած անհաջողություններից անմիջապես հետո  Ադրբեջանում ու Թուրքիայում սկսվելու է ներքաղաքական, տնտեսական, սոցիալական, ազգամիջյան ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամ, որոնք կարող են պարզապես խարխլել պետականության հիմքերը եւ այդ երկրների քայքայման սկիզբը դնել:

Ինչպես տեսնում ենք, 1915թ.-ից այս կողմ միջազգային հանրության փիլիսոփայության մեջ ըստ էության էական բան չի փոխվել՝ գերակշռող դեպքերում ընդամենը հավասարակշռված, ձեւի համար հայտարարություններ եւ վերջ: Այսօր էլ արդիական են «Դանթեական առասպել» հանճարեղ պոեմում  արտահայտած Հովհաննես Շիրազի՝

«Մի լիրբ` լռությո՛ւն….Լռում էին տե՛ս`

Հյուսիսն` իր հավերժ սառույցների պես,

Հարավն` իր լուսնի մահիկի նման,

Արեւելքն` ծո՛ւխն իր վեյլանի,

Արեւմուտքն` ինչպես պոռնի՛կդ` անսահմա՛ն…»

խոսքերը: Իսկ մենք այդ Արեւմուտքի արժեհամակարգն ենք  փառաբանում ու մեծարում: Այն Արեւմուտքի, ում հովանավորությամբ մեր նախնիների ցեղասպանությունն իրականացվեց, ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվեցին Մերձավոր Արեւելքում, բազմաթիվ երկրներ հասան քայքայման եզրին, խեղվեցին միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, իսկ հարյուր հազարավորները սպանվեցին, միլիոնավորները տուն ու տեղ կորցրած՝  դարձան գաղթական:

Այսօր էլ այդ նուն Արեւմուտքը ձեւ է անում եւ մեզ հավատացնում է, թե չի կարողանում սաստել  Թուրքիային ու Ադրբեջանին: Այդ՝ իրեն ժողովրդավարության ու արդարության օրրան համարող Արեւմուտքը  արդեն 105 տարի չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Ավելին, Արեւմուտքը ոչ միայն չի սաստում իրենց հովանավորությամբ ցեղասպանություն իրականացրած եւ այսօր էլ քաղաքակրթությանն ու տարածաշրջանի կայունությանը վտանգ սպառնացող Թուրքիային, այլ նույնիսկ որպես մահակ է օգտագործում տարբեր երկրներում պատժիչ գործողություններ իրականացնելու  եւ սադրանքներ հրահրելու համար:

Հիմա էլ այդ նույն Արեւմուտքի կողմից որպես թիրախ Հայաստանն է ընտրված, բայց մենք թույլ չենք տալու քայքայել ու ապականել մեր երկիրն ու  մեր արժեհամակարգը՝ դարերով ձեւավորված, ազգային նկարագիր ունեցող սովորույթային-բարոյական բարձր արժեքները: Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արեւելագետ, լեգենդար հետախույզ  Լոուրենս Արաբացին, ով խորությամբ տիրապետում էր հայերի՝ իբրեւ հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարին եւ շատ լավ գիտեր Անգլիայի ու Արեւմուտքի մյուս պետությունների խոհանոցն ու գաղտնի ծրագրերը, 1919թ. Փարիզում ամերիկյան լրագրողներից մեկին տված հարցազրույցում ասել  է, որ «Թուրքական քաղաքականությունը ձեւավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին»: Ըստ էության, բացի Ռուսաստանից, ոչ մեկից չենք ստանում որեւէ շոշափելի աջակցություն եւ փաստացի նա է մեր անվտանգության միակ երաշխավորը: Եվ պետք է նկատի ունենանք, որ վերջին հաշվով եթե չլինեին Գյուլստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը, հավանաբար չէին լինի ասօրվա երկու հայկական պետությունները:

Մենք պետք է մեր երախտագիտությունը հայտնենք նաեւ մեր բարեկամ ֆրանսիական ժողովրդին ու նրա նախագահին՝ դժվարին պահերին միշտ մեր կողքին լինելու համար: Հայերը ունենալով տաղանդ, յուրահատուկ ստեղծագործական ունակություններ ու մարդկային բարձր որակներ ու արտաքին հաճելի տվյալներ, լուրջ մրցակից էին շատ ազգերի եւ առաջին հերթին թուրքերի համար ու այսպես կոչված՝ ադրբեջանցիների համար: 20-րդ դարի սկզբին հայերը Թուրքիայում եւ Բաքվում տնօրինում էին  ֆինանսական ու տնտեսական բավականին լուրջ լծակների, կարեւոր դերակատարություն ունեին այդ երկրների մշակութային ու քաղաքական կյանքում:

Պատահական չէ, որ իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը (1862 – 1913)  այն կարծիքն է հայտնել, որ. «Բոլոր մասնագիտությունների, առեւտրի, արհեստների մեջ եւ պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, եւ գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»:

Այդ են հաստատում նաեւ Արաբացու գնահատականները հայերի մասին: «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ … մենք բոլորս, որ գիտենք նրանց»,- գրել է նա: Արաբացին դժգոհում էր, որ միլիոններով հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով… Եվ հենց այստեղ է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է բնաջնջվի, որովհետեւ ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Սակայն Լոուրենսն անկեղծորեն ու ափսոսանքով նկատում է, որ հայը մտավոր ներուժ ունի, որը նպաստավոր պայմաններում կարող է հային մեծ ապագա խոստանալ, հայը միշտ վայելում է Աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի վերաբերյալ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից: Ինչպես տեսնում ենք՝ 105 տարի անց պատմությունը կրկնվում է: Իսկ Թուրքիան մի օր փորձանք է դառնալու հենց իրենց իսկ՝ հովանավորների գլխին: Եվ ընդհանրապես պետք չէ ուրիշներից ինչ-որ բան պահանջել: Կարծում եմ՝ ոչ մեկին կայսրություն չի տրվել, այն իրենք են նվաճել:

Մեր ճակատագիրն ու հայրենիքը մենք պետք է կառուցենք: «…Հայի նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի»,-ասել է Լոուրենս Արաբացին:

«Չարժի մտածել, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչեւ ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը:

Հայ ժողովուրդը, համայն աշխարհի հայությունը աշխարհին ցուցադրում է հայրենասիրության, քաջության, անձնազոհության, կազմակերպվածության ու համերաշխության բացառիկ օրինակ: Իսկ հայ զինվորի խիզախության մասին աշխարհը գիտի: Դեռեւս 243 -273 թթ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել, որ «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ», իսկ «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները»  գրքի հեղինակ, ֆրանսիացի պատմաբան, մի շարք երկրների ակադեմիկոս Ga|l Դիլը գրել է. «Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում»: Որպես ավելի թարմ օրինակ՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Հայրենական պատերազմը, 1990-94թթ. ղարաբաղյան եւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմներն ու տավուշյան դեպքերը: Իհարկե, հայ ժողովուրդն անցյալում նաեւ կորուստներ է ունեցել՝ երբեմնի մեծ ու հզոր հայրենիք եւ բազմաթիվ անգամներ պետականություն է կորցրել, ենթարկվել է ցեղասպանության: Մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու բռնաբարել են:

Պատմության այդ եւ նմանատիպ  էջերը ստվեր են գցում մեր ժողովրդի վրա, որոնցից պետք է դասեր քաղենք եւ ձերբազատվենք: Հայը ոգեշնչվելով մեր մեծերի՝ Մաշտոցի, Նարեկացու, Անդրանիկի, Թումանյանի եւ այլոց գաղափարներով եւ Չարենցի ու Նժդեհի պատգամներով, գիտակցում է, որ  խաղաղությունն իր ձեռքերում է, որ խաղաղություն կունենա, եթե միասնական ու համախմբված լինի եւ հույսն առաջին հերթին իր վրա դնի: Իսկ պատմությունը վկայում է, որ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ, միայն թե, ցավոք, համախմբվում ենք օրհասական պահերին: Նժդեհն ասում էր. «Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, այդ օրից օտարը թագավորեց Հայաստանում»: Այսօր մենք ունենք Նժդեհի երազած հայը, այն հայը, որն այլեւս չի վախենում սպանելուց ու սպանվելուց: Մենք ունենք խիզախ ու տաղանդավոր երիտասարդություն, ինչը մեզ ներշնչում է, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու:

Նժդեհն ասում էր. «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»: Այսօր ապշեցնում է հայ մայրերի պահվածքը, ովքեր կամավոր են գրվում կռիվ մեկնելու համար, առանց տրտնջալու իրենց ամուսիններին ու որդիներին են ճանապարհում մահվան բերան: Հայը ինքնակազմակերպվում է, փորձում է սպանել իր միջի ստրուկին եւ վերադառնում է իր  երբեմնի ազնվագույն արմատներին: Թումանյանի ասած խալխից փորձում ենք ազգ  դառնալ: Ցավոք, առանց պատերազմի խաղաղություն չի տրվում: Պատերազմը միաժամանակ յուրաքանչյուր ազգի խիզախության, կենսունակության ու կազմակերպվածության յուրահատուկ փորձություն է: Ամեն մի փորձություն, սակայն, խելացի ու շրջահայաց մարդկանց ու ազգերին բերում է իմաստություն: Այս տեսակետից պատերազմի ավարտից հետո խորհելու, մեր սխալներից հետեւություններ եւ եզրակացություններ անելու ու դասեր քաղելու շատ բան ենք ունենալու, ինչի մասին այս պահին կոռեկտ չէ խոսել: Կասեմ միայն մի բան, որ հեռատես լինելու, պետական մտածողություն ունենալու  եւ այս օրը անցած 30 տարիներին  միշտ աչքի առաջ ունենալու դեպքում մենք թշնամուն ոչ թե մեր զինվորների ու ժողովրդի արյամբ, այլ առանց արյան կամ առնվազն նվազագուն կորուստներով կարող էինք  խաղաղություն պարտադրել: Կարող էինք, եթե զարգացած տնտեսություն ու ռազմարդյունաբերություն ունենայինք, եթե առնվազն հինգ միլիոն լինեինք, եթե այսօրվա խղճուկ ՀՆԱ-ի ու բյուջեի մի քանի պատիկը ունենայինք, եթե ավելի համերաշխ  լինեինք, որոնց համար ունենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու նախադրյալները: Մենք հարուստ ու հրաշք երկիր եւ տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդ ունենք: Հայրենիքի համար ճակատագրական այս պահին անհասկանալի է ազգի անունից հորջորջող հեղափոխական երիտասարդ իշխանական «էլիտայի» անտարբեր պահվածքը: Իսկ ազգի իրական երիտասարդական ընտրանին սխրանքներ է գործում Արցախում:

Ըստ էության ընդդիմադիրներն ու հասարակական հատվածն ավելի ակտիվորեն են լծված պատերազմի աջակցության գործին, քան իշխանությունները: Կարծում եմ՝ այսուհետ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների համար պետք է սահմանել ավելի բարձր ցենզ, որտեղ մի շարք պահանջներից զատ պետք է առաջնահերթ կարեւորել հայրենիքին մատուցած ծառայությունները՝ առնվազն բանակում ծառայած լինելը: Ճիշտ կլինի նաեւ նրանց համար ռազմարվեստի դասընթացներ կազմակերպել:

Օտարների կարծիքով՝ անգամ հայը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, խիզախ, ամենախաղաղասեր, կազմակերպված, նախաձեռնող եւ խոհեմամիտ ու հաճելի արտաքինով ազգն է: «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության: Որքա՜ն հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը: Դժբախտաբար չգիտեն»,-գրել է  տասնիններորդ դարի անգլիացի պատմաբան Ֆինլեյն: 17-րդ դարի ֆրանսիացի բուսաբան-ճանապարհորդ Փիթոն դը Թուրնֆորը նշել է, որ «Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են»: «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող եւ խոհեմամիտ ազգերից մեկը»,-.գրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր  Ֆրեդերիկ Շոպենը: Եվ այս համարյա կատարյալ ազգը չպետք է ոչնչանա, այս ազգը քաղաքակրթության ու մարդկության   եզակի հարստությունն է: «

Աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերեւս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի եւ աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երեւույթին շատ անհրաժեշտ գիտությունը: Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որեւէ մեկի տունը քանդելու, որեւէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որեւէ մեկին դավանափոխելու, որեւէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ»,-Հայաստանի գրողների միության համագումարներից մեկում իր ելույթում ասել է Պարույր Սեւակը: Մենք շատ ենք կորցրել, այլեւս նահանջելու տեղ չունենք: Հայաստանը՝ այս մի բուռ հողը  մեր ու մեր ապագա սերունդների տունն է, այն համայն հայության տունն է, եւ մենք պետք է այդ տունը անառիկ պահենք: Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատեւման փորձություն եւ այս դժվար ու բարդ փորձությունը եւս պետք է հաղթահարենք արժանապատվորեն:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031