Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկա, որ խաղաղապահները ոտատակ ընկնեն՝ լինեն դրանք ռուս կամ այլ ազգի»

Հոկտեմբեր 09,2020 13:00

«Ինքս խորապես համոզված եմ, խաղաղապահներով որեւէ լուծում, ենթադրում է տարածքային շատ մեծ զիջումներ՝ հետագայում ամբողջ Արցախը արագ կորցնելու հեռանկարով։ Եթե մենք այնքան թուլանանք, որ համաձայնենք նման բանի, որ ստիպված լինենք զիջել Արցախը, այդ դեպքում մեզ հաստատ պետք չեն լինի ոչ միջնորդներ, ոչ էլ խաղաղապահներ». «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» հ/կ-ի խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը:

– ՀՀ վարչապետը զորահավաք հայտարարեց, նրա խոսքից հստակ դարձավ, որ Հայաստանն ու Արցախը մնացել են մեն-մենակ: Պատերազմի առաջին իսկ օրվանից էլ նկատելի էր միջազգային հանրության կրավորական կեցվածքը՝ արձագանքները բավական ուշացան եւ դրանք շարունակում են մնալ հայտարարությունների, կողմերին ուղղված կոչերի եւ կողմերի միջեւ դրված հավասարության նշանի մակարդակում: Ի՞նչ գնահատականներ կտաք այս ամենին:

– Իրականում այնքան էլ միայնակ չենք։ Բայց եթե նկատի ունենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պետք է կռվի կամ հիմնավորի աշխարհին, որ Արցախը ողջ տարածքով Հայաստան է, եթե ինքներս 30 տարի դա չենք արել, ապա բնական է՝ պետք է միայնակ լինեինք։ Պատճառը մեր տասնամյակների անհեռատես քաղաքականությունն է։ Մեզանում տարածված հիվանդություն կա՝ թե աշխարհի հզորները թույլ չեն տա, կպատժեն, կզսպեն, առանց իրենց դաբրոյի ոչինչ չի լինի, ամեն ինչ իրենց բարդ փոխհարաբերությունների հետ է կապված։ Դրա կողքին՝ մեզնից ոչինչ կախված չէ, մենք չենք որոշում, աշխարհի մեծերն են ամեն ինչ որոշում, մի բան սխալ չանենք, հանկարծ դժգոհություն չառաջացնենք։ Այս ինքնախաբեության, դրանով պայմանավորված ճակատագրական սխալների, բաց թողնված ժամանակի համար մենք վճարում ենք մեր երիտասարդ կյանքերով։

Այդ ամենի մասին դեռ կխոսենք, ու շատ խիստ, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Հիմա դիմանալ է պետք հանուն միջանկյալ ու վերջնական հաղթանակի։

– ՀՀ վարչապետը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ վարչապետի հետ, որոնց գործնական արդյունքը տեսանելի չէ: Հանրային որոշակի շրջանակներում էլ ՌԴ-ից դժգոհություններ են հնչում՝ պասիվ կեցվածքի համար: Ինչպե՞ս կգնահատեք ՌԴ-ի այս կեցվածքը:

– Սպասելի։ Կզարմանայի, եթե այլ բան տեսնեի։ Այս ագրեսիան սանձազերծելով՝ Թուրքիան բացում է մեզնից ոմանց աչքերը Ռուսաստանի՝ այսօր աշխարհում եւ տարածաշրջանում ունեցած իրական կշռի, մեզ հետ ունեցած հարաբերությունների բնույթի ու որակի վերաբերյալ։ Շատերին մինչ օրս թվում է, թե այս պատերազմը նաեւ Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում է տեղի ունենում, որպեսզի մենք ավելի կախված լինենք իրենից, որպես փրկչի, Ադրբեջանն էլ իր ցանկությունների կատարման հույսը Մոսկվայի հետ կապի, ու ամեն ինչ վերջանա նոր ռազմաբազայի տեղակայմամբ։ Սակայն արդեն ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին փաստացի խաղից դուրս են թողել՝ բացահայտելով վերջինիս Հայաստանի կես-դաշնակից, կես-միջնորդ, Ադրբեջանի կես-գործընկեր դիրքավորման սնանկությունը։ Փաշինյանի խոսակցությունները, եթե դրանք Երեւանի նախաձեռնությամբ են, ենթադրում եմ, ավելի շատ վերաբերում են  սպառազինության կամ ռազմամթերքի մատակարարումներին, որի կարիքը մենք ունենք։ Իսկ Մոսկվայի կողմից նախաձեռնվածները գուցե ռուս խաղաղապահների թեման կենդանի պահելու փորձերն են։

– Արցախի խորհրդարանը, ԱԳՆ-ն՝ կոչ հղեցին միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախը: Դատելով պատերազմական իրավիճակին միջազգային հանրության արձագանքից՝ ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել:

– Որ ոչինչ էլ չեն ճանաչի։ Այս հարցով շատ ավելի դաժան կարտահայտվեի, բայց դա էլ թողնենք միջանկյալ հաղթանակից հետո։

– Իսկ ինչո՞ւ է հայկական կողմը հապաղում Արցախը ճանաչելու հարցում: Եթե նախկինում մտավախությունները մեծ պատերազմն էին, ապա հիմա այդ պատերազմը մեզ պարտադրվեց:

– Պատերազմը մտավախություն էր միացման դեպքում։ Անկախության ճանաչման դեպքում նման մտավախություն չկար։ Ավելի շուտ բանակցային տրամաբանությանը հակառակ գործելն էր մտավախությունը։ Պետք է հարցնել «երկու պետություն» թատրոնի կողմնակիցներին, բայց եկեք դա էլ հետաձգենք մինչեւ ավելի ապահով օրեր։ Մինչ այդ, ես ուրախ եմ, որ Հայաստանը չի ճանաչում, քանի որ դա կնշանակի Արցախի պաշտոնական անջատում Հայաստանից, երբ պատերազմի ամեն օրը արյունով վերահաստատում է վաղուց կայացած միացման իրողությունը։

– Ի դեպ, իր վերջին հարցացրույցներից մեկում խաղաղապահների մասին հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում պետք է հարցը քննարկվի, մինչդեռ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, դարձյալ պատերազմական օրերին, իր ճեպազրույցում, հստակ հայտարարեց, որ Արցախի օրակարգում խաղաղապահների հարց չկա։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք:

– Խաղաղապահների մասին կետը միշտ էլ ներառված է եղել Մինսկի խմբի առաջարկած կարգավորման տարբերակներում։ Սակայն հայերիս համար խաղաղապահների առկայությունը կնշանակեր, որ կարգավորումը կիսատ է, մեր անվտանգությունը երաշխավորված չէ ու արդեն մեր ձեռքում էլ չէ, կախված է ինչ֊որ խաղաղապահներից, որոնք կարող են մի օր հեռանալ, իսկ մինչ հեռանալն էլ ու դրանից հետո, հավելյալ կորուստների պատճառ դառնալ։ Կարծում եմ, Մասիս Մայիլյանը բարձրաձայնել է հանրային կարծիքում գերիշխող միտքը, որ մենք չենք վստահում որեւէ խաղաղապահի ու նախընտրում ենք ինքներս մեզ պաշտպանել։

Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, ենթադրում եմ, կապ ունի Ռուսաստանի ձգտման հետ՝ լինել գլխավոր կարգավորողը եւ որ խաղաղապահ զորքն էլ իրենը լինի։ Փաշինյանը, այդպես պատասխանելով,  գուցե ակնարկում է, որ անգամ եթե բանակցությունների արդյունքում որոշվի խաղաղապահներ կիրառել, դրանց կազմն ու մանդատը դեռ պետք է քննարկվի Մինսկի խմբի շրջանակում, բայց կարող է եւ քննարկումների արդյունքում որոշվի, որ խաղաղապահներն ընդհանրապես անիմաստ են։

Ինքս խորապես համոզված եմ՝ խաղաղապահներով որեւէ լուծում, ենթադրում է տարածքային շատ մեծ զիջումներ՝ հետագայում ամբողջ Արցախը արագ կորցնելու հեռանկարով։ Եթե մենք այնքան թուլանանք, որ համաձայնենք նման բանի, որ ստիպված լինենք զիջել Արցախը, այդ դեպքում մեզ հաստատ պետք չեն լինի ոչ միջնորդներ, ոչ էլ խաղաղապահներ։ Իսկ եթե դեռ ունակ ենք պաշտպանել Արցախը, ապա կարիք չկա, որ խաղաղապահները ոտատակ ընկնեն՝ լինեն դրանք ռուս կամ այլ ազգի։

– Ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020-ի բյուջեում փոփոխություններ կատարվեցին, արդյունքում Հայաստանի պետական պարտքը 67 տոկոսի կհասնի: Սա շա՞տ ծանր բեռ է դառնալու սերունդների վրա:

– Այո, ծանր է լինելու, բայց լավ է, թող էլի ավելի ծանրանա։ Դրանից հետո այլեւս ոչ մի կառավարություն չի կարողանա թալանել սեփական ժողովրդին երիտասարդ կյանքերի հաշվին։ Կպակասեն թալանչիները, շվայտներն ու հղփացածները։ Գուցե սովորենք գոտիները ձգել, կարեւորը անկարեւորից տարբերել ու աստիճանաբար նորմալ կենսունակ ազգ դառնանք։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031