Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հրթիռներն արձակվել են Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից զրկելու մտադրությամբ. Արման Թաթոյանի հատուկ հայտարարությունը

Հոկտեմբեր 08,2020 22:11

ՀԱՏՈԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՇՈՒՇԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ  ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախային հրթիռային երկու հարված են հասցրել հայկական ճարտարապետության պատմական խորհրդանիշներից մեկին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին:

Հրթիռային առաջին հարվածից քիչ անց Ադրբեջանի զինված ուժերը Շուշիի Մայր տաճարին հասցրել են երկրորդ թիրախային հարվածը:

Հարվածների արդյունքում տաճարին պատճառվել է մեծ ավերվածություն:

2.Առաջին հրթիռի հարվածի պահին Մայր տաճարի նկուղում են գտնվել միայն երեխաներ, կանայք ու տարեցներ: Քանի որ առաջին ու երկրորդ հրթիռային հարվածների միջև ժամանակային ընդմիջումը եղել է չափազանց կարճ՝ երկրորդ հրթիռային հարվածի պահին երեխաների, կանանց ու տարեցների մի մասը դեռ եղել է տաճարի նկուղում:

3.Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքները հիմնավորապես վկայում են, որ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելու և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին դիտավորությամբ մահ պատճառելու, այսինքն՝ սպանելու մտադրությամբ:

4.Հարցն այն է, որ նախօրեին համացանցում հրապարակվել ու լայն տարածում է ստացել լրագրողական տեսանյութ, որում հստակ երևում է, որ տաճարի նկուղում կան երեխաներ, կանայք ու տարեցներ:

Ավելին, կանայք տեսանյութում հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերն իրականացնում են թիրախային զինված հարձակումներ Շուշի քաղաքի բնակելի տների ուղղությամբ: Այդ պատճառով իրենք ադրբեջանական թիրախային հարվածներից պատսպարվում են հենց տաճարի նկուղում:

Ընդ որում, տեսանյութում խաղաղ բնակիչները նշում են, որ ադրբեջանական հարվածներն այնքան ինտենսիվ են, որ այլ նկուղներում տեղ չկա, որի պատճառով պատսպարվել են տաճարի նկուղում:

5.Սրանից բացի, Մայր տաճարին ադրբեջանական այսօրվա հրթիռային առաջին հարվածից անմիջապես հետո լայնորեն հրապարակվել են տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսանյութ այն մասին, որ հարվածի պահին տաճարի նկուղում եղել են խաղաղ բնակիչներ:

Այս տեղեկությունը հրապարակել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ուշադրությամբ են հետևում:

6.Չնայած սրան, ադրբեջանական զինված ուժերը առաջին հարվածից կարճ ժամանակ անց հրթիռային երկրորդ հարվածն են հասցրել տաճարին:

7.Այս ամենն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանական հրթիռներն արձակվել են՝ Մայր տաճարի նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին կյանքից դիտավորությամբ ապօրինի զրկելու ու ավերածություն պատճառելու հանցավոր մտադրությամբ:

8.Բացի վերը նշվածը, Շուշիի Մայր տաճարին հրթիռային հարվածներ հասցնելու արդյունքում վիրավորումներ է ստացել երեք լրագրող, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կոնֆլիկտային գոտում լրագրողի աշխատանքն ունի լեգիտիմ բնույթ, այն ուղղված է ռազմական հարձակումների մասին օբյեկտիվ տեղեկություններն աշխարհին ներկայացնելու նպատակ: Դրանից բացի, լրագրողի աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն ու նպաստում է կոնֆլիկտի կանխարգելմանը:

9.Հատուկ արձանագրում եմ, որ Շուշի քաղաքը մեծությամբ ու խիտ բնակչությամբ Արցախի երկրորդ քաղաքն է՝ խաղաղ բնակավայր: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ հարևանությամբ առկա չէ որևէ զինվորական կամ ռազմական օբյեկտ:

10.Վերը նշվածն ակնհայտորեն վկայում է հրթիռային հարվածներով հայկական պատմական բացառիկ նշանակության մշակութային ժառանգությունն ավերելու ու խաղաղ բնակիչներին, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող միջազգային լրագրողներին սպանելու ադրբեջանական հանցավոր մտադրության մասին:

Այս հետևությունը հիմնավորող հաղորդումը՝ ապացույցներով ու անհրաժեշտ վերլուծությամբ վաղը Մարդու իրավունքների պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, դեսպանություններին՝ պահանջվող բոլոր ձևաչափերով ու ընթացակարգերին համապատասխան:

11.Սույն հայտարարության գնահատականները հիմնված են սեփական փաստահավաք հրատապ աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստական տվյալների, նրա ներկայացրած ապացույցների, այդ թվում՝ Շուշիի խաղաղ բնակիչների հետ առանձնազրույցների վրա: Հիմք են ընդունվել նաև լրագրողական տեսանյութեր ու այլ ապացույցներ, ինչպես նաև փաստական տվյալներ:

12Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր երևույթների, շարունակվող հումանիտար աղետի վրա՝ այն անհապաղ դադարեցնելու համար իրական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031