Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն ամբիցիաների, ապա Հայաստանի համար՝ գոյատևման հարց է: Տարբերությունը զգո՞ւմ եք. Անդրեյս Կլեմենտևս

Հոկտեմբեր 08,2020 22:22

«Латвийские вести» շաբաթաթերթում հրապարակվել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսի ուղերձը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայի վերաբերյալ: Ուղերձը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Գլխավորն արյունահեղությունը դադարեցնելն է»:

«Նախորդ շաբաթ հետխորհրդային տարածաշրջանի սառեցված հակամարտություններից մեկը «թեժացավ»: Լեռնային Ղարաբաղը կրկին կրակի մեջ է: Որոտում են պայթյուններ, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում հնչում են օդային տագնապի ազդանշաններ: Իրական պատերազմ է ընթանում:

Ինձ, նախ և առաջ որպես սովորական մարդու և ոչ քաղաքական գործչի, պատմական պահերը և «ո՞վ է մեղավոր» հավերժական հարցն ամենաքիչն են մտահոգում: Ինձ անհանգստացնում է այն, որ այս անիմաստ առճակատման հետևանքով մարդիկ են զոհվում:

Ի՞նչ կարող է և պետք է անի նման իրավիճակում միջազգային հանրությունը․ նախ և առաջ ստիպի Ադրբեջանին և Թուրքիային (վերջինը, ցավոք, հրահրում է Բաքվին ագրեսիվ գործողությունների) վերջ տալ պատերազմին և վերադառնալ բանակցությունների սեղան: Սա արդեն արել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Պետք է ձեռնպահ մնալ վարձկաններին և իսլամիստ-ջիհադիստներին հակամարտության գոտի բերելուց, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը:

Դժվար է չհամաձայնել Հայաստանի դիրքորոշման հետ, որը կարճ կարելի է ձևակերպել այսպես․ եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն ամբիցիաների, ապա Հայաստանի համար՝ գոյատևման հարց է: Տարբերությունը զգո՞ւմ եք:

Վստահ եմ՝ խաղաղ բանակցություններին չկա և չի կարող լինել այլընտրանք: Կողմերը պետք է դադարեցնեն անիմաստ արյունահեղությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերադառնան բանակցությունների սեղան:

Ինչպես գիտենք պատմությունից, ցանկացած պատերազմ վերջանում է խաղաղ բանակցություններով: Վստահ եմ՝ այդպես է լինելու նաև այս անգամ: Հարց է միայն, թե քանի անմեղ զոհ կպահանջի այս պատերազմը: Մեծ հույս ունեմ, որ հակամարտության բոլոր կողմերը կանգ առնելու բավարար իմաստություն կունենան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031