«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների ենթադրյալ օգտագործման մասին լուրերը խորը մտահոգության տեղիք են տալիս: Առավել ևս, եթե այս պրակտիկան, հաստատվելու դեպքում, կիրառվում է Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ»,- ասել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզ Մանիերոն:
«Որոշ անդամ պետություններ հաղորդեցին, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն Հյուսիսային Սիրիայից սիրիացի և թուրքմեն զինյալների տեղափոխման մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով: Այս զինյալների մեջ կան նաև ահաբեկչական կազմավորումների անդամներ, ինչպիսիք են Հայաթ Թահրիր ալ-Շամը և Սիրիայի հյուսիսում գործող այլ զինված խմբավորումներ, ինչպիսիք են Ֆիրքաթ ալ-Սուլթան Մուրադը և Ֆիրքաթ ալ-Համզան: Այդ խմբավորումների զինյալները ենթադրաբար նույնպես օգտագործվել են Թուրքիայի կողմից Լիբիայի հակամարտությունում: Մենք չենք կարող թույլ տալ այս նախադեպի կրկրնությունը Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մանիերոն:
«Վարձկանների օգտագործման հաստատումը կնշանակի հակամարտության անընդունելի սրում գործողությունների թատերաբեմում, որն արդեն իսկ բնութագրվում է խաղաղ բնակչության համար ողբերգական իրավիճակով. հետևանքները կարող են կործանարար լինել՝ ոչ միայն տարածաշրջանային մակարդակում: Ավելին, օտարերկրյա իսլամիստ զինյալների տեղափոխումը հետագա անվտանգային խնդիրներ կստեղծի Կովկասի տարածաշրջանի կայունության համար, որը նախկինում արդեն տուժել է իսլամիստական ահաբեկչություններից: Հետևաբար, – եզրակացրեց Մանիերոն, – ոչ միայն պետք է միջազգային հանրությանը կոչ անենք ստուգել այդ զեկույցների հավաստիությունը, այլև անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, իրենց համապատասխան գործառույթների շրջանակներում, նախաձեռնեն խաղաղության նոր ուղի` տասամյակներ շարունակվող հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար: Ես նաև ցանկանում եմ խաղաղ լուծում գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում»:
Կարդացեք նաև