Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Սերգեյ Կոպիրկինին
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն տիկին Լին Թրեյսիին
ԴԻՄՈՒՄ
Կարդացեք նաև
Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ
2020թ. սեպտեմբերի 27-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ, որը սպառնում է տարածաշրջանի կայուն խաղաղությանը և միտված վիժեցնելու Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը:
Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, տարիներ շարունակ դրսևորելով բացահայտ կողմնակալ դիրքորոշում՝ Թուրքիան, ըստ էության, դարձել է հակամարտության կողմ, ուստի որևէ ձևաչափով չի կարող մասնակցել հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Ակնհայտ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այսօր Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է ծանրագույն հանցագործություն՝ նպատակ հետապնդելով արցախցիներին զրկել իրենց հայրենիքում ապրելու բնական իրավունքից:
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի այս իրողությունը՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ որևէ պարագայում և որևէ ձևաչափով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում:
Հարկ է արձանագրել, որ խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ անտարբերությունը որևէ արդարացում չունի:
Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է գործադրեն իրական ջանքեր՝ սանձազերծված պատերազմը դադարեցնելու համար, քանի որ Թուրքիայի ներգրավմամբ ձեռնարկված պատերազմն ուղղակի մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհի դեմ:
Արցախի հիմնախնդիրը, այո՛, պետք է լուծել: Տևական խաղաղության հաստատումը բխում է առաջին հերթին Հայաստանի և Արցախի շահերից:
Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հարցը դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության վրա:
Նորին գերազանցության պատվարժան դեսպաններ
Արցախյան հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է եղել ապահովել արցախահայության իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը՝ զարգացման վստահելի երաշխիքներով:
Խորապես համոզված ենք, որ անկախ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և նրա միջազգային ճանաչումը կերաշխավորի այնտեղ ապրող մարդկանց կյանքի իրավունքը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, հորդորում ենք Ձեզ, գործադրել բավարար, արդյունավետ ու առավելագույն ջանքեր.
1. Վիժեցնելու տարածաշրջանում որևէ դերակատարություն ունենալու Թուրքիայի նկրտումները:
2. Ձեռնարկել գործուն քայլեր՝ խնդրի լուծումը հակամարտության խաղաղ կարգավորման հուն տեղափոխելու համար՝ հիմնված իրատեսության վրա, որը պետք է ունենա որոշակիություն և տեսանելի ավարտ:
3. ԵԱՀԿ մինսկի խմբում քննության առնել Թուրքիային հեռացնելու հարցը:
4. Իրական ջանքեր գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը միջազգային իրավասու կառույցների կողմից հետաքննելու, պատերազմի հանցագործներ, տարածաշրջանը միջազգային իսլամիստական ահաբեկչական խմբավորումների թատերաբեմ դարձրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանատվության հարցը քննության առնելու համար:
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնություն